Չկա ոչ մի վենդետա, ձեզ թվում է , որ մենք պետք է ձեռներս ծալենք, ասենք՝ վա՜յ, ամեն ինչ արեք, միայն թե...
Մենք չենք զրկում որևէ մեկին մանդատից, որովհետև նրան չենք սիրում, մենք չենք զրկում որևէ մեկին ավագանու մանդատից, որովհետև նա քաղաքային իշխանություններին շատ է քննադատում, մենք զրկում ենք ավագանու այն անդամներին, ավագանու այն 5 անդամներին, որոնք ամենաշատը չեն մասնակցել քվեարկություններին: Այդ մասին ավագանու՝ փետրվարի 7-ի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետը:
«Օրենքն ասում է՝ բոյկոտե՛ք այնքան, մինչև 50 տոկոս քվեարկություններին մասնակցելը: Խնդրեմ, այն 50 տոկոսը բոյկոտեք, բայց բոյկոտի այդ անձրևանոցի տակ անգործություն մի՛ դարձրեք, որովհետև ավագանու անդամ լինելը պարտականություն է»,- ասաց քաղաքապետը:
Տիգրան Ավինյանն անդրադարձավ նաև որոշման քաղաքական կողմին. «Ձեզ իրապես թվում էր, որ մենք պետք է ձեռներս ծալենք, ասենք՝ վա՜յ, ամեն ինչ արեք, տապալե՛ք բոլոր նախագծերը, բոյկոտե՛ք, ու մենք էլ պետք է ձեռքներս ծալենք, ասենք՝ վա՜յ, վա՜յ, վա՜յ, մեր ընդդիմությունը հանկարծ չնեղանա՞»,- ասաց նա և ընդգծեց՝ այս որոշումը չունի վենդետայի տրամաբանություն, որը փորձում է առաջ քաշել ընդդիմությունը:
Ավինյանը նաև նշեց, որ անգործությունը չի կարող անընդհատ արդարացվել. «Իմ պարտականությունն է, որ այս ինստիտուտը աշխատի»: