Ալիևը ձայների 92,05%-ով հաղթել է նախագահական ընտրություններում
Ադրբեջանի նախագահական ընտրություններում քվեաթերթիկների 93,35%-ի մշակումից հետո ձայների 92,05%-ով հաղթել է երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևը։ Նրա օգտին քվեարկել է 4,281,625 ընտրող։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Պանախովը։
«Ադրբեջանի ժողովուրդն օգտվեց իր ինքնիշխան իրավունքից և 7 թեկնածուից ընտրեց իր նախագահին։ Ըստ նախնական արդյունքների՝ ձայների մեծամասնությունը ստացել է Իլհամ Ալիևը։ Մնացած քվեաթերթիկները հաշվարկը չի ազդի արդյունքների վրա»,- նշել է նա։
Նախնական տվյալներով՝ անկախ թեկնածուներ Զահիդ Օրուջը և Ֆուադ Ալիևը ստացել են ձայների 2,19%-ը և 0,53%-ը՝ համապատասխանաբար, «Ազգային ճակատ» կուսակցությունից Ռազի Նուրուլաևը՝ 0,8%-ը, «Մեծ արարումից» Ֆազիլ Մուստաֆան՝ 2%, «Մեծ Ադրբեջանից» Էլշադ Մուսաևը՝ 0,67%-ը, իսկ «Ամբողջական Ադրբեջանի ժողովրդական ճակատից» Գուդրաթ Հասանգուլիևը՝ 1,76%-ը: