Հուսիները հայտնել են ամերիկյան և իսրայելական նավերի դեմ երեք նոր գործողության մասին
Եմենի հյուսիսում իշխող շիական «Անսար Ալլահ» (Հուսի) շարժումը հայտնել է Կարմիր և Արաբական ծովերում ԱՄՆ և իսրայելական նավերի դեմ երեք նոր գործողության մասին։
«Եմենի ռազմածովային ուժերն անօդաչու սարքերով գործողություններ են իրականացրել Կարմիր և Արաբական ծովերում ԱՄՆ-ի թշնամական նավերի դեմ և Ադենի ծոցում հարձակվել են իսրայելական MSC Silver նավի վրա՝ արձակելով հականավային հրթիռներ։ Եմենի ռազմաօդային ուժերը նաև անօդաչու սարքերով թիրախներ են խոցել օկուպացված Պաղեստինի հարավում գտնվող Ում Էր-Ռաշրաշում (Էյլաթ)», - ասել է «Անսար Ալլահ»-ի ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարիան:
Նա ընդգծել է, որ այդ գործողությունները պատասխան են Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ Իսրայելի ագրեսիային և Եմենի տարածքի վրա ամերիկա-բրիտանական հարձակումներին։
Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» շարժումը, որը վերահսկում է Եմենի Կարմիր ծովի ափերի մեծ մասը, ավելի վաղ նախազգուշացրել էր Իսրայելի հետ կապված ցանկացած նավի վրա հարձակվելու իր մտադրության մասին՝ կոչ անելով մյուս երկրներին այդ նավերից հետ կանչել իրենց անձնակազմերին: Մի շարք նավագնացային ընկերություններ որոշել են դադարեցնել փոխադրումները Կարմիր ծովով։
Հուսիներն ասում են, որ իրենց գործողությունները Կարմիր ծովում ուղղված են Գազայի հատվածում պաղեստինցիներին օգնելուն: Նրանք պնդում են, որ իրենք չեն միջամտում տարածաշրջանում նավարկության ազատությանը:
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հունվարի կեսերից հարվածներ են հասցնում հուսիների թիրախներին՝ դա անվանելով Կարմիր ծովում նավարկության ազատության սպառնալիքներին պատասխան: Անսար Ալլահի բարձրագույն քաղաքական խորհրդի անդամ Մուհամմեդ Ալի ալ-Հութին հարվածներն անվանել է ահաբեկչական բարբարոսություն և կանխամտածված ու չարդարացված ագրեսիա: