«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

28 մար 2024 18:22

Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը

Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառըՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին Վանաձորի 20-ամյա բնակչուհի Մ.Գ.-ի մահվան էական հանգամանքներ:

2022 թվականի օգոստոսի 25-ին «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ արձանագրվել է նույն օրն իրենց մոտ տեղափոխված հղի կնոջ մահը։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Նախաքննության ընթացքում իրականացված առաջնային անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունների, այդ թվում նաև նշանակված հանձնաժողավային դատաբժշկական փորձաքննության եզրակացության արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2022թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Վանաձորի՝ հղիություն ունեցող 20-ամյա կինը, վատ ինքնազգացողությամբ պայմանավորված, դիմել է «Վանաձորի բժշկական կենտրոն» և հետազոտվել:

Իրականացված հետազոտության արդյունքում համապատասխան մասնագետի կողմից տրվել է «Աջակողմյան լյումբոիշալգիա» թերի կլինիկական ախտորոշումը և դրան համապատասխան նշանակված դեղորայքային բուժումով հղի կինն ուղարկվել է տուն:

Սակայն ժամեր անց վերջինս դարձյալ դիմել է նույն բժշկական կենտրոն և ստացիոնար բուժում ստանալու նպատակով ընդունվել մանկաբարձական բաժանմունք:

Դրանից հետո, տրված թերի կլինիկական ախտորոշմանը համապատասխան, շարունակվել է դեղորայքային բուժումը, սակայն հղիի վիճակը վատթարացել է։

Երկու համապատասխան մասնագետ բժիշկների կողմից իրականացվել է հիվանդի համատեղ զննում, որը սակայն, ինչպես քննությամբ է պարզվել, իրականացվել է ոչ պատշաճ. մասնավորապես՝ կրկին տրվել է նույն թերի կլինիկական ախտորոշումը, չեն արձանագրվել հղիի թոքերի հետազոտություն իրականացված լինելու վերաբերյալ տվյալները, չի ախտորոշվել հիմնական ախտաբանությունը և չեն իրականացվել տվյալ ախտաբանությանը համապատասխան ծավալով անհրաժեշտ բուժմիջոցառումներ:

Այնուհետև, հիվանդի վիճակի դինամիկայում վատացման պայմաններում նշանակվել է թերապևտի կոնսուլտացիա, որը ևս իրականացվել է ոչ պատշաճ, անգամ արձանագրելով «վեզիկուլյար շնչառություն»՝ չի ախտորոշվել հղիի մոտ նշված հիմնական ախտաբանությունը, չեն իրականացվել դրան համապատասխան ծավալով անհրաժեշտ բուժմիջոցառումներ:

Ստացված փորձագիտական եզրակացության համաձայն՝ անհրաժեշտ կլինիկա-լաբորատոր և գործիքային հետազոտությունների պատշաճ իրականացումը հնարավորություն կտար կնոջ մոտ ժամանակին ախտորոշել առկա երկկողմանի թարախա-ֆիբրինային միաձուլվող ինտերստիցիալ թոքաբորբը և, ձեռնամուխ լինելով անհրաժեշտ ծավալներով համապատասխան բուժմիջոցառումների իրականացմանը, հնարավոր կլիներ փրկել հիվանդի կյանքը՝ հղիության պահպանումով, որոնց իրականացման համար բժշկական կենտրոնում օբյեկտիվ խոչընդոտող պատճառներ չեն եղել:

Նշված բացթողումների հետևանքով 2022թ․ օգոստոսի 25-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ուլտրաձայնային հետազոտման արդյունքում հղիի մոտ ախտորոշվել է պտղի ներարգանդային մահ։ Կինը նույն օրը ծայրահեղ ծանր՝ կոմատոզ վիճակում տեղափոխվել է «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ը։ Չնայած այստեղ ժամանակին և բավարար ծավալով իրականացված վերակենդանացման միջոցառումներին՝ 20-ամյա կնոջ կյանքը փրկել հնարավոր չի եղել:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Վանաձորի բժշկական կենտրոն»-ի բժշկական գործունեություն ծավալող երեք անձանց, մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու համար (որն անզգուշությամբ առաջացրել է Վանաձոր քաղաքի 20-ամյա բնակչուհու մահը), ներկայացվել են մեղադրանքներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր