Որոնք են էմոցիաները կարգավորելու երեք կարևոր քայլերը
Էմոցիաները մեր կյանքի անբաժանելի մասն են․ կյանքը դարձնում են հագեցած, կարգավորում են վարքը, օգնում են հարաբերություններում, մոտիվացնում են։ Անշուշտ, էմոցիաների սպեկտրը լայն է և կյանքի ընթացքում լինում են ինչպես դրական, այնպես էլ բացասական էմոցիաներ։
Եթե բացասական էմոցիաները գերակշռում և ամրապնդվում են, ապա սեփական անձի և աշխարհի ընկալումը աղավաղվում է, փոխվում է կյանքի որակը։ Այդպիսիք են օրինակ՝ զայրույթը, մեղավորության զգացումը, ամոթը, վախը, վիրավորանքը և այլն։
Բացասական էմոցիաներն իրենց ներսում թաքցնում են խոր ապրումներ, գուցե՝ անցյալի փորձ, որոնք դրսևորվում են վարքի միջոցով և հակազդումներով։ Հաճախ այդպիսի էմոցիաները ճնշում են կամ ձևափոխում են մեր իրական պահանջմունքները։ Ուստի անհրաժեշտ է սովորել հաղթահարել նմանատիպ էմոցիաները։
Ստորև այն ընդհանուր քայլերն են, որոնք անհրաժեշտ են էմոցիաների ոլորտի կարգավորման համար՝
1․ Գիտակցել և անվանում տալ սեփական հուզական վիճակին։
Այս քայլով անկեղծ ենք լինում ինքներս մեր զգացած էմոցիայի հետ, և չենք ժխտում այն։ Այդ կերպ, կարողանում ենք նաև վերահսկել։
2․ Մտորել էմոցիայի պատճառի և թաքնված պահանջմունքների մասին։
Այսպիսի վերլուծությունն անհրաժեշտ է հատկապես, երբ չենք կարողանում վերահսկել իրավիճակը և գործում ենք էմոցիայի ազդեցության տակ։ «Ի֠ նչի մասին է խոսում էմոցիան» հարցին պատասխանելով՝ որոշակի է դառնում տվյալ բացասական էմոցիայի ներքո թաքնված իրական պահանջմունքը։
3․ Պատասխանատվություն վերցնել և կատարել ընտրություն։
Սեփական հուզական վիճակի կարգավորմանը օգնում է սեփական էմոցիաների համար պատասխանատվությունը, նաև գիտակցումը, որ ցանկացած իրավիճակում կարող ենք ունենալ չեզոք կամ դրական էմոցիաներ՝ անկախ մյուսներից և մեր վրա ունեցած նրանց ազդեցությունից։
Այս քայլերի կիրառումը օգտակար է դարձնում էմոցիաների վերլուծությունը, որը ժամանակի ընթացքում հնարավորություն է ապահովում, որպեսզի ինքնաբերաբար հակազդումներին փոխարինեն հուզական վարքի գիտակցված մոդելները։
Հ․գ․թ․, դոցենտ Սոնա Հարությունյան
Hayacq.com