Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես առաջարկ անի, օրակարգն ասի, կմտածեմ նրա հետ հանդիպելու մասին          Ադրբեջանցի բլոգեր. «Իսկ աշխարհը կրկին լռում է… Իլհամ Ալիևը Ղարաբաղում սպանել է հազարավոր հայերի և ադրբեջանցիների, Հեյդար Ալիևը Խոջալուում իրականացրել է ցեղասպանություն, որում մեղադրել է Հայաստանին»       Տեսանյութ. Մեզ առաջիկայում Աստծո կամոք՝ շատ լուրջ օրեր են սպասվում, շատ փոփոխությունների օրեր, պատրաստ եղեք    

29 ապր 2024 10:54

Հայաստանի քաղաքական համակարգն ու հակահամակարգը միասին, ժամավաճառությամբ, պասերով մեզ բերին-հասցրին անդառնալի պրոցեսների

Հայաստանի քաղաքական հակահամակարգը միասին, ժամավաճառությամբ, պասերով մեզ բերին-հասցրին անդառնալի պրոցեսներիԲա լսեցի՞ք՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել, ու երկու կողմն էլ, Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ այս հարցում կառուցողական մոտեցում են ցուցաբերել: Բա: Այս մասին ասել է ինքը՝ մեծ կառուցողական ու մեծ խաղաղասեր Հեյդարիչը, ամեն օր նրա կողմից ագրեսիվ կոչեր հնչեցնելը, Հայաստանի սահմանադրությունն ու գերբը փոխել պահանջելը, Հայաստանն Արեւմտյան Ադրբեջան կոչելը, մշտական սպառնալի զառանցանքները չհաշված: Առանց Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տավուշյան տարածքների հայելային վերադարձի՝ մեր անվտանգության երաշխիք-տարածքների վերադարձ է տեղի ունենում, սրա անունն ինչ է՝ կասե՞ք, սա սահմանազատո՞ւմ է, թե՞ անդամահատում: Ի՞նչ Ալմա-Աթիի հռչակագիր, ի՞նչ սովետական սահման, ո՞վ է իրավասու առանց հանրաքվեի, առանց ԱԺ-ում քվեարկությամբ հաստատված-երկրի ամբողջական սահմանագծման նախագծի առկայության՝ մի կետից սահման գծել, հազար սահմանագծման հանձնաժողով լինի: Սահմանադրություն ունենք, պետական սահմանի մասին օրենք ունենք, ինչ-որ անձեր կամ անձ ինքն իր խելքին կարո՞ղ է սահման որոշել կամ ձեռք-ձեռքի խփել հարեւան ոխերիմի հետ, պետությո՞ւն ենք, թե՞ սրա-նրա խաղալիքը:
 
Անկախ Հայաստանի մաս կազմող տարածքների հանձնման դեմ բողոքող մարդիկ՝ տավուշցիներն եւ ոչ տավուշցիները ո՛չ Ալիեւի կառուցողականությանն են հավատում, ո՛չ խոստացված խաղաղությանը, համարելով, որ առանց որեւէ երաշխիքի մեր անվտանգային տարածքների հանձնումը նման է թշնամու առաջ դուռը բացելուն: Ի՞նչ խաղաղություն, երբ ադրբեջանցիք կանգնելու են տասնհինգ մետր հեռու միայն Կիրանցի ու Ոսկեպարի հետ շփան գծից ու պարսատիկով էլ կարող են հայկական կողմ քար նետել:
 
Մի քանի օրից ընդամենը Ադրբեջանի սահմանապահ ուժերը, հետեւից էլ զորքը, մինչեւ ատամները զինված, իջնելու են ու կանգնեն բերաններս մտած նոր սահմանին, ու ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մի ամիս հետո նրանք չեն հայտնվի Իջեւանում, ինչպես որ Ջերմուկում հայտնվեցին: Իմ երկիրը շագրենի կաշու պես մետր առ մետր փոքրանում է, ու հազիվ թե Ադրբեջանը կանգ առնի՝ ինչ-որ անկապ թուղթ ստորագրելով. նրա աղվեսային խոսքերին մի՛ խաբվեք: Արցախի հետ կատարվածի փորձը հո թարմ է, եթե պատմության մյուս համանման դրվագները մոռացել եք:
 
Մեր ուժային կառույցներն էլ մի ուրիշ կարգի են հարձակվել սահմանազատման դեմ բողոքողների վրա, քարշ են տալիս, ձեռք ոլորում, բերման ենթարկում: Ինչո՞ւ, ի՞նչ է եղել, մարդիկ համաձայն չեն վերին որոշումներին, թող արտահայտվեն, բա ասում եք՝ ժողովրդավարություն: Ինչ աստիճան եք քաշքշել, որ ԱԺ տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է, սա՞ է ժողովրդավարությունը: Շշմել կարելի է ամեն օր կատարվող նորանոր իրադարձութույուններից: Սեփական ժողովրդի կարծիքն անտեսելով, ռասպուտինյան ոճի մեջ սահման ե՞ք գծում: Մի պահ այս բոլորն ինձ հիշեցրեց Հայաստանի անկախանալու պահին մեր՝ իբր ծայրահեղականների դեմ պայքարող ռուսական հատուկ ծառայությունների աշխատաոճը:
 
«Կառուցողական սահմանազատման» լուրերը առաջինը ողջունել են եվրոպաներից ու ամերիկաներից ով ասես՝ տոյվոկլաարներ, շառլմիշելներ, ԱՄՆ Պետդեպի մամուլի քարտուղարն էլ չէ՝ քարտուղարի քարտուղար Վեդանտ Պատելն անձամբ, թե բա՝«Ողջունում ենք լուրը, որ Հայաստանն ու Ադրբեջանն ընդունել են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը՝ որպես երկու երկրների միջեւ սահմանների սահմանազատման հիմք: Սա կարեւոր քայլ է դեպի կայուն եւ արժանապատիվ խաղաղության համաձայնագիր»: Պարզվում է բոլոր արեւմտյանները սովետիզմի թաքնված երկրպագուներ են եղել, սովետական սահմանների ջատագով, ու մի ուրիշ կարգի եռանդով են ողջունում Ալմա -Աթիի հռչակագրից դեռ մեկ տարի առաջ անկախություն հռչակած երկրի՝ ՀՀ-ի սահմաններից կտոր-կտոր պռճոկումն ու հանձնումը՝ չգիտես ինչու սովետական բովանդակությամբ հռչակագրով: Ռուսաստանը լռում է, բայց Ադրբեջանի հետ այս պահին մի ուրիշ կարգի մերձեցած այս երկիրը հավանաբար բաժնետեր է Ադրբեջանից մեզ պարտադրվող որոշումներում, անգամ կարող է ներկայություն ունենալ սահմանազատման գործընթացում, իզուր չէ, որ սահմանազատման գործընթացի անվտանգությունը հսկող հայ ԱԱԾ-ականների լուսանկարների ծածկված դեմքերի բաց մնացած հատվածներում ողջ համացանցը խոշորացույցով ռուսական դիմագծեր ու աչքեր է որոնում:
 
Բոլոր այդ ողջունողները ներկա էին եւ կոչեր էին անում ե՛ւ այն ժամանակ, երբ տեղի էր ունենում Հայոց ցեղասպանությունը, ե՛ւ այն ժամանակ, երբ միմյանց էին նվիրում հայկական հողերը՝ որպես պատերազմական ռազմավար, ե՛ւ Արցախը հանձնելուց ու նրա բնիկ ժողովրդին վտարելուց եւ ունեզրկելուց: Այնպես որ՝ ե՛ւ այդ կոչ անողներին գիտենք, ե՛ւ նրանց կոչերի արժեքը:
 
Իսկ Հայաստանի քաղաքական համակարգն ու հակահամակարգը այս էլ քանի տարի միասին, ժամավաճառությամբ, պասերով մեզ բոլորիս բերին- հասցրին անդառնալի պրոցեսների: Նորից մեր գլխին աշխարհաքաղաքական ծրագրեր են կոտրում: Իրականացվում է մի ծրագիր, որի հանգուցալուծումը կարող է շատ ավելի վատը լինել, քան պատկերացնում են Տավուշի տարածքները հանձնելու դեմ պայքարող սովորական մարդիկ, չնայած այդ պայքարը մի չորս ուղղությունից վերահսկողության տակ պահողները հավանաբար մեծ ծրագրի նպատակները գիտեն:
 
Ի՞նչ է վերջնանպատակը. արդյոք միասնական պետության կազմ մտնել հարկադրե՞լը, վերադարձ դեպի անցյա՞լ, չնայած արեւմտամետ խաղերի. տարբեր կողմի պայքարողնե՛ր, թաքնված ու բացահայտ ազդեցության գործակալնե՛ր, մի՛ թաքցրեք, ասե՛ք, որ հայ ժողովուրդն անելիքն իմանա, դուք էլ հայ եք կարծես:
 
Խաղաղությունից խոսողների ամենավերեւի շերտն ի՞նչ գիտի այս ամենից՝ չէ՞ որ անզեն աչքով է տեսանելի, որ ոչ թե հայտարարաված-միամիտ գործընթացների իրականացում է, այլ թաքնված ծրագրի՝ պայքարող հասարակ մարդկանց մեծ մասի համար անհայտ վերջնանպատակով: Դադարեցրեք մեր ժողովրդին աչքերը կապած անհայտ ուղղությամբ տանելը:
 
Հիմա Հայաստանում տեղի ունեցողը հար եւ նման է Արցախում կատարվածին: Սա այն դեպքը չի, որ այս կամ այն ղեկավարին անձամբ լավ վերաբերվելով՝ հայրենիքի կորուստ հանդուրժես: Երբ մինչեւ ատամները զինված ադրբեջանական զորքը ոտքով մի կողմ տշի անհասկանալի սիմվոլիզմ փոխանցող թվերով իբր սահմանազատման սյուներն ու առաջանա դեպի Հայաստանի ներս՝ այն ժամանակ ուշ կլինի, ու մեղքը կընկնի բոլորիս վրա, որ հիմարի պես չենք ըմբռնել գործընթացների իրական ենթատեքստը:
 
Դա շուտով տեղի կունենա: Բայց մինչ այդ ավելի ցավալի բաներ չլինեն: Օրինակ՝ հանկարծ ու չպարզվի՝ Հայոց ցեղասպանության համար հենց հայերս ենք մեղավոր, ցեղասպանություն էլ չի եղել, այլ՝ ցավալի իրադարձություններ միայն, որոնց մեղավորը հենց մենք, հայերս ենք, ու, ոնց որ Էրդողանն է պահանջում, պետք է հրաժարվենք «անհիմն հիշողություններից»: Կամ նոր զինանշան դեմ տան՝ առանց Արարատի (բա թուքերից պահանջեք առանց լուսնի ու աստղերի դարձնեն իրենց գերբը): Կամ նոր սահմանադրություն դրվի սեղանին, Ալիեւի ու Էրդողանի սրտով՝ առանց Արցախի մասին հիշատակման, առանց Հայաստանի անկախության հռչակագրին հղումների, դե Ալմա-Աթիի հռչակագրին հղումով կբավարարվենք, էլի:
 
Այս բոլորի մեղքը մեր ուսերին է: Անգամ հիմա են մարդկանց ավելի լայն շերտերն անտարբեր, քանի որ տասնյակ տարիներով, եւ հիմա նույնպես, Հայաստանում առկա համակարգն ու համահամակարգը նույն նախագծողների ծրագրով են գործել, նրանց մինիմում ու մաքսիմում ծրագրերը միայն իշխանության գալը կամ մյուսին իշխանությունից զրկելն է եղել: Մարդիկ այդ երկուսից էլ հոգնել են, անգամ եթե նրանք այժմ ռուսամետ-արեւմտամետ պայմանական բաժանումն ունեն: Այս պահին հարկավոր է արտահամակարգային մտածողություն, արտաքին խաղացողներից չկախված մարդկանց համախմբում, որի առանցքը ոչ թե սեփական իշխանությունը պահելն է, կամ իշխանությունը վերցնելու իդեա-ֆիքսը, այլ երկրի ինքնիշխանությունը չկորցնելը, երկրի անվտանգությունը, այն էլ ոչ թե միայն բառերով, այլ գործով: Եթե լինեին այդ արտահամակարգային մարդիկ, նրա՛նք առաջնորդեին մարդկանց, ապա չէր ծնվի Մհեր Գրիգորյանի ստորագրությամբ սահմանազատման հանձնաժողովի՝ Հայաստանի միակողմանի զիջումների թուղթը, եւ սահմանազատումը Տավուշից սկսելու զավեշտալի որոշումը չէր լինի, չէր լինի այս վիճակը, սկսված բողոքի ինքնաբուխ ակցիաները հայրենիքի անվտանգության գերակա նպատակով միայն կկանոնակարգեին այդ արտահամակարգային մարդիկ, եւ ոչ թե մարդկանց արդարացի բողոքը կօգտագործեին աշխարհաքաղաքական կենտրոնների թաքնված տիկնիկավարները:
 
Բանը բանից անցել է: Հիմա Երեւանի փողոցներում, Տավուշում, սահմանին մոտիկ այլ հատվածներում կատարվողը նշան է նրա, որ ջինը շշից դուրս է եկել, ու այդ ջինը կարող են գործածել ե՛ւ իրոք ազնիվ մարդիկ, ե՛ւ անհասկանալի նպատակ ունեցողները: Ու դրա մեղավորը լայն առումով մեզ այս հանգրվանին հասցրած իշխանությունն է: Տավուշից միակողմանի զիջումներով սահմանազատում անվանվածը դոմինոյի շարժով շարունակվելու է, Ադրբեջանն անընդհատ պահանջելու է, եւ դրա դեմ բողոքը լեգիտիմ է: Չնայած հազիվ թե բողոքը կասեցնի սկսված գործընթացը, բայց ինչ-որ բան կփոխի:
 
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր