Տեսանյութ. Նռնակով զինված տղամարդը պահանջել է հետ վերադարձնել բանկում գրավադրված իր բնակարանը՝ սպառնալով պայթեցնել բանկը

Ըստ նախնական տեղեկությունների՝ նռնակով զինված տղամարդը բանկի տարածքում գտնվող անձանց կյանքի համար իրական վտանգ առաջացնելով՝ պահանջել է հետ վերադարձնել բանկում գրավադրված իր բնակարանը, որն արդեն իսկ Հարկադիր կատարման ծառայության կողմից վաճառվել է։ Տղամարդը սպառնացել է պայթեցնել բանկը։ Ոստիկանության ծառայողների բանակցությունների արդյունքում տղամարդը հանձնել է Ֆ-1 տիպի նռնակը։
Նա ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին։ Բյուրեղավանի 50-ամյա բնակիչն ու կազմած փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Իրավապահների իրականացրած միջոցառումների շնորհիվ կատարվածի արդյունքում տուժածներ չկան։