ՁՊՎ-ներում ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի առնչությամբ ՄԻՊ-ը մի շարք խնդիրներ է արձանագրել

«Պարբերաբար վեր են հանվել խնդիրներ և դրանց լուծման առաջարկները ներկայացվել են պետական իրավասու մարմիններին, ինչպես նաև ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի` Կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցում։ Այս համատեքստում Մարդու իրավունքների պաշտպանն, ի թիվս այլնի, ՁՊՎ-ներում արձանագրել է խնդիրներ` կապված ինքնավնասումների, ինքնասպանությունների դեպքերի կանխարգելման հետ։
Մասնավորպես, մտահոգիչ է այն հանգամանքը, որ ՁՊՎ-ներում առկա չէ ինքնասպանությունների կամ ինքնավնասումների ռիսկերի գնահատման որևէ մեխանիզմ։
Հաշվի առնելով վերը շարադրվածը՝ անհրաժեշտ է․
սահմանել ազատությունից զրկված անձի՝ ՁՊՎ մուտք գործելիս ինքնասպանության կամ ինքնավնասման ռիսկերի գնահատման համապատասխան կառուցակարգեր,
ՁՊՎ-ի ծառայողների համար իրականացնել վերապատրաստումներ ինքնասպանությունների կամ ինքնավնասումների դեպքերին պատշաճ արձագանքելու, այդ թվում՝ դրանց կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ միջոցների ձեռնարկման վերաբերյալ,
ՁՊՎ-ի ծառայողների համար կազմակերպել առաջին բուժօգնություն տրամադրելու կարողությունների զարգացման վերաբերյալ պարբերական վերապատրաստումներ։
Նշենք, որ մշտադիտարկումների ընթացքում ուսումնասիրության առարկա են դարձել ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակը, վարվող հաշվառման մատյանները և անհրաժեշտ այլ փաստաթղթերը, սանիտարահիգիենիկ ու պահման պայմանները, հակահրդեհային համակարգերը, ոստիկանության ծառայողների աշխատանքային պայմանները և այլն:
Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու արձանագրված խնդիրների լուծման հարցում»,- հայտնում են ՄԻՊ գրասենյակից։