Երևանում հրեական սինագոգի գույքը վնասել են․ ըստ մեղադրվող անձի՝ եղել է ազգային թշնամանք
![Երևանում հրեական սինագոգի գույքը վնասե են․ ըստ մեղադրվող անձի՝ եղել է ազգային թշնամանք Երևանում հրեական սինագոգի գույքը վնասե են․ ըստ մեղադրվող անձի՝ եղել է ազգային թշնամանք](https://www.aysor.am/news_images/728/2183953_1/fotoram_io_2023_11_16t105946_228.thumb.jpg)
Հաղորդման կապակցությամբ կազմված նյութերն ստանալուց հետո ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի կողմից Ոստիկանությանը հանձնարարվել է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ դեպքի իրական հանգամանքները, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ենթադրյալ հանցագործության շարժառիթը, դրդապատճառները պարզելու ուղղությամբ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 10-ին՝ ժամը 01։43-ին, և «Հրեական կրոնական» կենտրոնի գրասենյակի պատուհանին քարով հարվածել և ապակին կոտրել է Արտաշատ քաղաքի 35-ամյա բնակիչը, ապա դիմել փախուստի։
Ոստիկանության կողմից վարույթն իրականացնող մարմնին ներկայացվել է նաև ձերբակալված նշված անձը։
Դեպքի առթիվ 2024թ․ հունիսի 15-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
35-ամյա անձը տվել է ինքնախոստովանական ցուցմունք, նրա մասնակցությամբ կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում Նար-Դոս 23 հասցեի Հրեական կրոնական կազմակերպության պատուհանը եղել է կոտրված, իսկ գետնին հայտնաբերվել և վերցվել է երկու քար: Առգրավվել և ուսումնասիրվել են տարածքը տեսագրող սարքի պարունակության՝ դեպքին վերաբերելի հատվածները։
Քննությամբ պարզվել է, որ նշված անձի կողմից կրոնական հաստատության պատուհանին հարվածելու, գույքային վնաս պատճառելու շարժառիթը եղել է ազգային, էթնիկական թշնամանքը։
2024թ․ հունիսի 17-ին միջնորդություն է հարուցվել հսկող դատախազին 35-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է, վերջինիս ներկայացվել է մեղադրանք:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը մերժվել է, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Հիշեցնենք՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտել էր միջադեպը: