Այլ երկրների ցանկացած օգնություն չի կարող փակել այն բացերը, որոնք կհայտնվեն ՌԴ-ի հետ հարաբերությունների խզման դեպքում
![Այլ երկրների ցանկացած օգնություն չի կարող փակել այն բացերը, որոնք կհայտնվեն ՌԴ-ի հետ հարաբերությունների խզման դեպքում Այլ երկրների ցանկացած օգնություն չի կարող փակել այն բացերը, որոնք կհայտնվեն ՌԴ-ի հետ հարաբերությունների խզման դեպքում](https://mail.hayacq.com/uploads/l.-qocharyan.jpg)
Պատգամավորը շեշտել է, որ պատմականորեն Հարավային Կովկասի տարածաշրջանում ազդեցիկ դերակատարներ են եղել Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը: Քոչարյանը նշել է` եթե Ռուսաստանին դուրս մղեն, նրա տեղը կզբաղեցնի մեկ ուրիշը, և, ամենայն հավանականությամբ, դա կլինի Թուրքիան։
Պատգամավորի կարծիքով` բնակչության մեծ մասը հասկանում է, որ դա ձեռնտու չէ Հայաստանին։
Քոչարյանը նշել է, որ իշխանությունները, կարծես թե, մինչև հիմա չեն հասկանում, թե Հայաստանի տնտեսությունը որքանով է կապված Ռուսաստանի հետ:
«Այլ երկրների ցանկացած օգնություն չի կարող փակել այն բացերը, որոնք կհայտնվեն ՌԴ-ի հետ հարաբերությունների խզման դեպքում։ Հանրապետությունում իսկապես շատ լուրջ տնտեսական խնդիրներ կառաջանան»,– ասել է նա։
ԱԺ պատգամավորը կոչ է արել առնվազն ուսումնասիրել Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության ցուցանիշները։ Նա նշել է, որ իսկապես պետք է մտածել, թե ինչ կստանա և կկորցնի երկիրը, եթե 2018–ին սկսված գործընթացներն ավարտին հասցվեն:
Վերջին շրջանում փորձագետները հայտնում են հայ–ռուսական հարաբերությունների շարունակական վատթարացման մասին։ Մասնավորապես, Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ զորավարժություններին, հրաժարվել է այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից։ Այս ամենը երբեմն ուղեկցվում է փոխադարձ մեղադրանքներով և դիվանագիտական նոտաներով։
Այդ հարաբերություններում լրացուցիչ լարվածություն է մտցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս արած հայտարարությունն այն մասին, թե ՀԱՊԿ առնվազն 2 երկիր օգնել են Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այդ մասին նա ասել է` մեկնաբանելով Ադրբեջան կատարած այցի ընթացքում Բելառուսի նախագահի հնչեղ հայտարարությունները։ Լուկաշենկոն, դիմելով Ալիևին, մարտական գործողություններն անվանել էր «ազատագրական պատերազմ»: