Սեպտեմբերի 19-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Սեպտեմբերի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

12 հուլ 2024 12:03

Սրտառուչ 2 հավաքներ, որոնք անպատասխան մնացին. հուսախաբ թողեցին կազմակերպիչները՝ ոչ մի խոսք, ոչ մի պահանջ չներկայացվեց ադրբեջանական բանտերում տառապող մեր գերիների, նրանց վերադարձի մասին

Սրտառուչ 2 հավաքներ, որոնք անպատասխան մնացին. հուսախաբ թողեցին ակցիաների կազմակերպիչները. երկու դեպքերում էլ ոչ մի խոսք, ոչ մի պահանջ չներկայացվեց ադրբեջանական բանտերում տառապող մեր գերիների, նրանց վերադարձի մասին Երեքշաբթի օրը Երեւանում ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ տեղի ունեցավ Արցախից բռնագաղթված մեր հայրենակիցների ոչ այնքան բազմամարդ բողոքի հավաքը: Նպատակը, որքան որ կարելի էր հասկանալ ելույթ ունեցողների խոսքերից, միջազգային հանրությանը տեղեկացնելն էր, թե ինչ է կատարվում հանձնված, բռնագրավված Արցախում հայարմատ մեր հուշարձանների, հնամենի թե նոր մեր ճարտարապետական կառույցների դեմ:
 
Նրանք միջազգային հանրությունից (անորոշ ինչպիսի՜ հասցե) պահանջում էին կանգնեցնել ադրբեջանական վանդալիզմը, հայկականությունը արմատախիլ անելու քաղաքականությունը: Արդար ու տեղին պահանջ, որին լծված են նաեւ Հայ եկեղեցին, միջազգային տարբեր կառույցներ՝ առայժմ հարցը գոնե մասնագիտական շրջանակների ուշադրության դաշտում պահելու առաջադրանքով:
 
Իսկ երեկ, այս անգամ Կառավարության շենքի առաջ, արցախցիները, հիմնականում որդեկորույս սեւազգեստ մայրեր, իրենց պահանջն էին ներկայացնում ՀՀ կառավարությանը՝ տեր կանգնելու իրենց զոհված որդիների խողխողված, անարգված մարմիններին, վերադարձնելու նրանց աճյունները, որպեսզի Մայր Հայաստանում շիրիմ ունենան նրանք, իսկ իրենք՝ լացելու տեղ… Սրտառուչ երկու հավաքներ, որոնք անպատասխան մնացին, անշուշտ, թե՛ «միջազգային հանրություն» կոչվածի, թե՛ «հայրենի կառավարություն» հորջորջվածի կողմից:
 
Նման հարցերը չեն հետաքրքրում ոչ ոքի. ՄԱԿ-ը զբաղված է մե՜ծ խնդիրներով, ՀՀ կառավարությունը՝ «խաղաղության դարաշրջանի» առաջին ամիսները, շաբաթներն ու օրերը հաշվելով, այսինքն՝ ոչնչով:
Բայց ինձ հուսախաբ թողեցին բողոքի երկու ակցիաների կազմակերպիչները. երկու դեպքերում էլ ոչ մի խոսք, ոչ մի պահանջ չներկայացվեց ադրբեջանական բանտերում տառապող մեր գերիների, նրանց վերադարձի մասին:
 
Գերիներ՝ որոնց ճշգրիտ թիվն անգամ չգիտենք, բացի Միջազգային Կարմիր Խաչի հայթայթած տվյալներից, հարազատների միջեւ հեռախոսային հատուկենտ շփումներից: Իսկ ինչ վերաբերում է անհետ կորած համարվողներին՝ կատարյալ թնջուկ է այդտեղ, մարդկային ճակատագրի ողբերգական դրսեւորումներով:
 
Ճիշտ ու տեղին պիտի լիներ, եթե այդ եւ նման բոլոր ակցիաների ժամանակ եւ ընդհանրապես բոլոր առիթներով եւ անառիթ, հայկական կողմը, առաջին հերթին՝ արցախահայերը, պահանջեին ադրբեջանական բանտերում պահվող, պաշտոնապես արձանագրված 23 հայերի, այդ թվում՝ ռազմաքաղաքական 8 ղեկավարների ազատ արձակումը, անհանդուրժողականություն ցույց տալու նրանց նկատմամբ կիրառվող բռնությունների, հոգեկան ու մարմնական կտտանքների, ստորացումների նկատմամբ:
 
Նրանք, ի՛նչ պայմանների տակ էլ լինեն, խորհրդանշում են Պետակա՛ն Արցախը, եւ ոչ ոք, ո՛չ Ալիեւը, ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ Էրդողանը իրավունք չունեն նրանց փակի տակ պահելու՝ դրանով փականքի տակ դնելու Ազա՛տ Արցախ ունենալու մեր բոլորի, առաջին հերթին՝ արցախահայության տեսլականը:
 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր