Խարդախ Բայդենը պիտանի չէր նախագահական ընտրություններում առաջադրվելու համար.Եկեք Ամերիկան նորից մեծ դարձնենք
ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում արած գրառման մեջ կոշտ է արտահայտվել Ջո Բայդենի՝ նախագահական մրցապայքարից հեռանալու որոշման մասին։
«Խարդախ Ջո Բայդենը պիտանի չէր առաջադրվելու նախագահի պաշտոնում, և, անշուշտ, պիտանի չի ծառայելու, և երբեք էլ չի եղել: Նա նախագահի պաշտոնին հասել է միայն ստելով, կեղծ լուրերով և նրանով, որ չէր լքում իր նկուղը։ Նրա շրջապատում բոլորը, այդ թվում՝ բժիշկը և լրատվամիջոցները, գիտեին, որ նա ընդունակ չէ նախագահ լինելու, և նա չդարձավ։ Հիմա տեսեք, թե ինչ է արել նա մեր երկրի հետ. միլիոնավոր մարդիկ հատում են մեր սահմանը, առանց հսկողության ու ստուգման, նրանցից շատերը բանտերից, հոգեբուժարաններից են և ռեկորդային թվով ահաբեկիչներ կան: Նրա նախագահությամբ մենք մեծապես կտուժենք, բայց շատ արագ կվերացնենք նրա հասցրած վնասը։ ԵԿԵՔ ԱՄԵՐԻԿԱՆ ՆՈՐԻՑ ՄԵԾ ԴԱՐՁՆԵՆՔ»,-գրել է Թրամփը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ 2024 թվականի նախագահական մրցապայքարից դուրս գալու հայտարարությունից րոպեներ անց CNN-ի հետ հեռախոսազրույցում Դոնալդ Թրամփը Բայդենին անվանել է «մեր երկրի պատմության մեջ ամենավատ նախագահը»։
Դեռ հայտնի չէ, թե ով է լինելու դեմոկրատ թեկնածուն, սակայն Թրամփը կարծում է, որ փոխնախագահ Քամալա Հարիսին ավելի հեշտ կլինի հաղթել, քան Բայդենին: