Եթե կարողանան սպանել ինձ, ես հույս ունեմ, որ Ամերիկան կջնջի Իրանն աշխարհի երեսից

Թրամփը գրել է, որ «եթե իրանցիներն իր դեմ մահափորձ կատարեն, ապա հույս ունի, որ ԱՄՆ-ն կպատասխանի՝ ոչնչացնելով Իրանը, ջնջելով այն Երկրի երեսից»:
«Եթե նրանք կարողանան սպանել ինձ, իսկ այս տարբերակը հնարավոր է, ես հույս ունեմ, որ Ամերիկան կջնջի Իրանն աշխարհի երեսից, քանի որ հակառակ դեպքում ամերիկացի առաջնորդներին կվերաբերվեն որպես թուլամորթ վախկոտների», - ասվում է նրա գրառման մեջ:
Անցյալ շաբաթ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ իշխանությունները վերջին շաբաթներին աղբյուրից հետախուզական տեղեկություն են ստացել Իրանի կողմից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ իրականացնելու դավադրության վերաբերյալ, ինչը հանգեցրել է ԱՄՆ Գաղտնի ծառայության կողմից նախկին նախագահի անվտանգության ուժեղացմանը, CNN-ին հայտնել են բազմաթիվ մարդիկ, որոնք այդ մասին տեղեկացված են:
Ի դեպ, ենթադրյալ իրանական դավադրությունը կապ չուներ անցյալ ամիս Փենսիլվանիայում տեղի ունեցած հանրահավաքում Թրամփի դեմ մահափորձի հետ, որի ժամանակ նա ականջից վիրավորվել էր տանիքի վրա դիրքավորված զինված անձի կրակոցից:
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցչությունը հերքել էր Թրամփի դեմ իր երկրի դավադրությունը:
«Այդ մեղադրանքները չհիմնավորված են և չարամիտ: Իրանի Իսլամական Հանրապետության տեսանկյունից՝ Թրամփը հանցագործ է, որը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի և պատժվի դատական կարգով՝ գեներալ Սոլեյմանիի (Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Ղասեմ Սոլեյմանին, որը սպանվել էր 2020 թվականի հունվարին Բաղդադի միջազգային օդանավակայանում ԱՄՆ ավիահարվածից-Խմբ.) սպանությունը պատվիրելու համար։ Իրանն ընտրել է օրինական ճանապարհը՝ նրան պատասխանատվության ենթարկելու համար», - CNN-ին ասել էր առաքելության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները վատթարացել են 2016 թվականին Թրամփի իշխանության գալուց հետո։ 2020 թվականին Թրամփի հրամանով «Ղոդս» ուժերի առաջնորդ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը մեծացրել է լարվածությունը և թշնամանքը: