Բորելն առաջարկել է թույլատրել եվրոպական զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանին

Նախօրեին Եվրամիության ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ Բորելն առաջարկել էր նախարարներին համաձայնեցնել ընդհանուր դիրքորոշումը Կիևի համար Ռուսաստանի Դաշնության տարածքում եվրոպական զենքով հարվածներ հասցնելու վերաբերյալ «բոլոր սահմանափակումները» վերացնելու շուրջ, սակայն հանդիպումից հետո դիվանագետը հայտարարել էր, որ միասնական դիրքորոշում ձևավորել չի հաջողվել, ուստի նման որոշում կայացնելու իրավունքը թողել են ԵՄ յուրաքանչյուր անդամ երկրին։
«Նույնիսկ եթե մենք դիտարկում ենք Ռուսաստանի տարածքին հարվածելու հնարավորությունը, մենք պատերազմական վիճակում չենք Ռուսաստանի հետ, ոչ ոք չի ցանկանում պատերազմական վիճակում լինել Ռուսաստանի Դաշնության հետ։ Մենք պարզապես աջակցում ենք Ուկրաինային»,- ասել է Բորելը։
Միևնույն ժամանակ նա կոչ է արել «մտնել Ուկրաինայի դրության մեջ», որը «միջոցներ չունի հակահարված տալու» Ռուսաստանին՝ իր դիրքորոշումը պարզաբանելով նրանով, որ «նրանք պետք է ունենան հավասար հնարավորություններ»։