Գաղտնիքի հարց չի, դիվանագիտական կոռեկտության հարց է խաղաղության պայմանագրի կետերը չհանրայնացնելը

«Այստեղ գաղտնիքի խնդիր չկա, կա դիվանագիտական կոռեկտության հարց: Փաստաթղթի շուրջ, եթե երկրորդ կողմի հետ աշխատում ես, դա նշանակում է, որ առնվազն այդ փաստաթուղթը 2-րդ շահառու էլ ունի և միակողմանի այդպիսի բան անելը պարզապես կոռեկտ չէ»,- ասաց Փաշինյանը:
Խաչատրյանն էլ հակադարձեց, թե տարակուսած է, որ կոռեկտության մասին է խոսում Փաշինյանը.«Եթե դիվանագիտական կոռեկտության մասին եք խոսում, հիշեցնեմ, որ Կապանում 2020 թվին Դուք գաղտնազերծեցիք «Կրակովյան սևագիրը», Ալիևն իր հերթին կոռեկտությունը խախտեց և հրապարակեց Ձեր և իր՝ Դուշանբեի պայմանավորվածությունները: Այդ ժամանակ Դուք ասացիք՝ նա ստանձնում է գաղտնի ինֆորմացիան հրապարակելու քաղաքականությունը, ապա Դուք այնպիսի բաներ կասեք, որ Ադրբեջանը կցնցվի ներսից, բայց չասացիք: Պետք է 13 կետերը հրապարակել և հանրաքվեի հանել այդ հարցը»,- շեշտեց Խաչատրյանը:
Վարչապետն էլ հայտարարեց. «Դուք լավ գիտեք՝ եթե հրապարակենք այդ 13 և ավելի կետերը, ապա այն կողմին, որը չի ուզում խաղաղության պայմանագիր կնքել առիթ կտա ասելու, որ խախտվել են դիվանագիտական էթիկայի բոլոր նորմերը և այլն:
Ձեր ասած նրանց ոչ կոռեկտությունը նպատակ ունի մեզ համբերությունից հավասարակշռությունից հանելու, բայց սա անձնական հարց չէ, պետական է, և մենք շարժվում ենք այդ տրամաբանությամբ»: