Ակնհայտ է, որ ՀԱՊԿ և ԵԱՏՄ կառույցները որոշ ժամանակ անց կորցնելու են իրենց արդիականությունը
Դեռ նախորդ տարի էի գրել BRICS-ի հնարավոր հաջողության մասին, կարծում եմ կա իմաստ կրկին վերահրապարակելու նույն գրառումը, գրում է քաղաքագետ Արա Պողոսյանը։
«Ակնհայտ է, որ ՀԱՊԿ և ԵԱՏՄ կառույցները որոշ ժամանակ անց կորցնելու են իրենց արդիականությունը և դրանց գոյությունը ինքնին կդառնա անիմաստ։
Հիմա շատ ավելի արդիական է հատկապես BRICS-ը, Շանհայի համագործակցության կազմակերպությունը, որոնք հավակնում են դառնալու նոր բևեռ թե՛ ֆինասա-տնտեսական և թե՛ քաղաքական առումով։
Ընդ որում այս կազմակերպությունները եթե հաջողեն, ապա ամբողջովին ընդգրկելու են նաև ՀՀ սահմանները (Թուրքիան ձգտում է անդամակցել)։
Ուստի Հայաստանը հիմա ո՛չ թե պետք է ռեակտիվ ու զգացական դիվանագիտության միջոցով Հայաստանի համար ստեղծի թշնամիների նոր բանակ, այլև պետք է նուրբ և պրոակտիվ դիվանագիտության միջոցով կարողանա շահել ստեղծված իրավիճակում` և՛ Արևմուտքի հետ զգույշորեն հարաբերություններ զարգացնելով և շահելով, և՛ արևելքի հետ։
Դեռ ոչ ոք չի կարող հստակ ասել, ապագա աշխարհակարգում կշահեն բլոկայի՞ն երկրները, թե՞ ոչ-բլոկային բազմակողմ հարաբերություններ զարգացնող երկրները, ուստի այսօր չի կարելի երկիրը տանել ցնցումների ու անկառավարելի մարտահրավերների հորձանուտ, որոնք դժվար թե կարողանանք հաղթահարել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետը։