Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝ «Ազադլիգ»-ն օրերս տված հարցազրույցում ասել էր Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի ընտանիքի միջազգային իրավախորհրդատու, ամերիկացի հայտնի իրավաբան Ջարեդ Գենսերի հետ:
Ջարեդ Գենսերը հայտնել է, որ մասնագիտական գործունեության ընթացքում ավելի քան 50 քաղբանտարկյալի գործեր է ունեցել և ԿԽՄԿ-ի նման հայտարարության երբեք չի հանդիպել:
«Այդ դեպքում, ինչո՞ւ նրանք չեն հրապարակում նամակը, որն իբր ստացել են ԿԽՄԿ-ից: Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի: Եթե Վարդանյանին իսկապես չեն խոշտանգել, ապա արդարանալու կամ թաքցնելու բան չունեն: Սակայն նրանք անամոթաբար կեղծ տեղեկություն են տարածում Կոմիտեի անունից»,- ասել է փաստաբանն՝ ընդգծելով, որ իր պաշտպանյալի՝ Ռուբեն Վարդանյանի հետ որևէ տեսակ կապ հաստատելու հնարավորություն չունի:
«Ես ուրախ կլինեմ, եթե դուք Ադրբեջանի կառավարությանը հարցնեք, թե ինչու փաստաբան Ջարեդ Գենսերին թույլ չեն տալիս այցելել Ադրբեջան և անձամբ տեսակցել Ռուբեն Վարդանյանին։
Ինձ չի թույլատրվում այցելել Ադրբեջան և խախտված է պաշտպանյալիս հանդիպելու՝ իմ փաստաբանական իրավունքը, մինչդեռ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային պակտում ասվում է, որ ձերբակալված անձը փաստաբան ընտրելու իրավունք ունի: Ռուբեն Վարդանյանն ընտրել է ինձ որպես միջազգային փաստաբան, բայց ինձ թույլ չի տրվում այցելել Ադրբեջան՝ խախտելով նաև նրա իրավունքը: Այդպիսով Ադրբեջանն անհնար է դարձնում ապացույցներ հավաքելու իմ հնարավորությունը: Միակ ապացույցը, որ ես կարող եմ ստանալ՝ Ռուբենի խոսքերն են»:
Գենսերը հայտնել է, որ դիմել են դատախազություն և թույտվություն խնդրել Բաքու այցելելու, բայց մերժվել է։