Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

02 դեկ 2024 17:11

Նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի նկատմամբ կիրականացվի հեռակա դատաքննություն

Նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի նկատմամբ կիրականացվի հեռակա դատաքննությունԴատախազը 2023 թվականի օգոստոսի 4-ին հաստատել էր ՀՀ Ազգային ժողովի «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Ա.Գ.-ի նկատմամբ հեռակա վարույթի մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան՝ հեռակա դատաքննության: Միաժամանակ, դատախազի կողմից դատարան էր ներկայացվել մեղադրյալ Ա.Գ.-ի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու մասին միջնորդություն:

2024 թվականի դեկտեմբերի 2-ին Դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը, ինչը նշանակում է, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ա.Գ.-ի նկատմամբ կիրականացվի հեռակա դատաքննություն:

Հիշեցնենք, որ դատախազի՝ 2023 թվականի փետրվարի 24-ի որոշմամբ՝ նախկին պատգամավոր Ա.Գ.-ի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածով (ապօրինի հարստանալը), 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը) (երեք դրվագ), 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)):

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ Ա.Գ.-ն, ի թիվս այլնի, ապօրինի հարստացման արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերի դրամական միջոցների և գույքի հանցավոր ծագումը, գտնվելու վայրը, տնօրինման եղանակն ու տեղաշարժը թաքցնելու, դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով, դրանք մտցրել է օրինական շրջանառության մեջ և 2012-2018 թվականներին ձեռք է բերել մի շարք տրանսպորտային միջոցներ ու անշարժ գույք:

Մասնավորապես՝ 

2015 թվականին 28 միլիոն դրամով ձեռք է բերել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Աղաբաբյան փողոցում գտնվող հողատարածքը.

2011 թվականի ապրիլի 6-ին 490 հազար ԱՄՆ դոլարով ձեռք է բերել Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես վարչաշրջանի Վուդլենդ Հիլսում գտնվող բնակարանը.

2015 թվականի օգոստոսի 10-ին 520 հազար ԱՄՆ դոլարով ձեռք է բերել Գլենդեյլի Քեմփբլ փողոցում գտնվող բնակարանը.

2016 թվականի հունիսի 2-ին 475 հազար ԱՄՆ դոլարով ձեռք է բերել Վելլի Վիլիջ թաղամասի Ուիթսեթ ավենյուի բնակարանը.

2019 թվականի մարտի 6-ին 1 միլիոն 525 հազար ԱՄՆ դոլարով ձեռք է բերել Լոս Անջելես վարչաշրջանի Մերրիմանում գտնվող առանձնատունը: 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր