ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել Սիրիայում ներառական քաղաքական գործընթաց սկսել
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կոչ է արել Սիրիայում ներառական քաղաքական գործընթաց սկսել՝ հիմնված 2254 բանաձեւի առանցքային սկզբունքների վրա։
Ասվում է Անվտանգության խորհրդի տարածած հայտարարության մեջ, գրել է ՏԱՍՍ-ը։
Խորհրդի անդամները վերահաստատել են իրենց աջակցությունը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենի ջանքերին:
Հայտարարության մեջ ընդգծվում է գործընթացի անհրաժեշտությունը, որը կբավարարի բոլոր սիրիացիների օրինական նկրտումները, կպաշտպանի նրանց ու թույլ կտա խաղաղ, անկախ ու ժողովրդավարական ճանապարհով որոշել իրենց ապագան:
Խորհուրդը նաև վերահաստատել է իր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանության, անկախության, միասնության և տարածքային ամբողջականության սկզբունքներին ու կոչ արել բոլոր պետություններին հարգել այդ սկզբունքները։
ՄԱԿ ԱԽ անդամներն ընդգծել են Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի կարևորությունը և ԻԼԻՊ ծայրահեղական խմբավորման և այլ ահաբեկչական խմբավորումների հնարավորությունների վերականգնումը կանխելու անհրաժեշտությունը։ Փաստաթուղթը կոչ է անում Սիրիային կատարել ոչ կոնվենցիոնալ սպառազինությունների վերաբերյալ Խորհրդի բանաձևերը։
Խորհուրդը կոչ է արել հարգել միջազգային հումանիտար իրավունքը, ներառյալ հումանիտար հասանելիության ապահովումը, և համերաշխություն է հայտնել Սիրիայի զոհերին, ընտանիքներին ու ժողովրդին: Նշվել է նաև Իսրայելի կողմից օկուպացված սիրիական Գոլանի բարձունքներում ՄԱԿ-ի դիտորդ ուժերին աջակցելու աջակցելու կարևորությունը:
Եզրափակելով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները հիշեցրել են միջազգային իրավունքի համաձայն՝ դիվանագիտական և հյուպատոսական տարածքների և անձնակազմի անձեռնմխելիությունը հարգելու անհրաժեշտությունը։