Ավինյանի քավոր-սանիկական կապերը վտանգում են շենքերը. արաբկիրցիները դեմ են նորակառույցին
Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վրացական 6, 4 և Նաիրի Զարյան 15, 15Ա բազմաբնակարան շենքերի արանքում նոր 12 հարկանի շենքի կառուցումը զայրույթի ալիք է բարձրացրել բնակիչների շրջանում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում բնակիչները նշեցին, որ Երևանի քաղաքապետարանը առանց հանրային լսում անցկացնելու, ապօրինի շինթույլտվություն է տվել մի ընկերության, որի սեփականատերը քավոր–սանիկական հարաբերություններ ունի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ։
Բնակիչները դիմել են վարչական դատարան իրենց իրավունքները վերականգնելու համար։
«Մեր գլխավոր մտավախությունն այն է, որ մեր շենքերը, որտեղ մոտ 1000 մարդ է ապրում, բավականին հին են` կառուցվել են 50-60 տարի առաջ։ Դրանք և հարակից սեփական տները բազալտե շերտերի ջարդման կամ պայթեցման հետևանքով ուղղակի կդառնան վթարային։ Մեզ հասած տեղեկություններով` բազմաբնակարան շենքի երեք հարկերը լինելու են ստորգետնյա»,–ասաց Վրացական 6 շենքի բնակիչ Ենոք Անդրեասյանը։
Բնակիչներն իրենց խնդրը դեռ 2023 թվականին` Տիգրան Ավինյանի քարոզարշավի ժամանակ, ներկայացրել են ներկայիս քաղաքապետին։ Նրանց կողմից մեզ տրամադրած տեսանյութում երևում է, թե ինչպես է Ավինյանը խոսք տալիս բնակիչներին, որ կձևավորվի հատուկ մասնագիտական, ճարտարապետական թիմ, որը կուսումնասիրի խնդիրը։ Բացի այդ բնակիչները հնարավորություն կունենան իրենց կարծիքը հայտնելու հանրային լսման ժամանակ։
«Դիմել ենք վարչական դատարան, որպեսզի Երևանի քաղաքապետարանի կողմից տրված շինթույլտվությունը չեղարկվի, որովհետև հանրային լսում առհասարակ չի անցկացվել։ Եթե կա նման փաստաթուղթ, դա կեղծ է։ Քաղաքապետարանը մեր շենքերի բակային տարածքից ուզում է այդ ընկերությանը տրամադրել լրացուցիչ հող: Այսինքն` մեր ձեռքով ստեղծված խաղահրապարակները, բակային մուտքի տարածքները և մի քանի ավտոտնակի հողերը նույնպես տրվելու են այդ ՍՊԸ-ին»,–ասաց բնակիչը։
Նշենք, որ շենքերի բնակիչները միասնական համաձայնությամբ, իրենց ուժերով 6 ավտոտնակ են քանդել, որպեսզի խաղահրապարակի, ֆուտբոլի դաշտի, ծառերի համար տարածք ունենան, իսկ այսօր կարող են զրկվել այդ ամենից։
Բնակիչները երբևէ հնարավորություն չեն ունեցել խոսել կառուցապատողի հետ, հասկանալ` պաշտոնապես ինչ է այդտեղ կառուցվելու։ Տեղեկություններ ստանալու հույսով գրավոր հարցումներ են ուղարկել տարբեր գերատեսչություններ, սակայն ոչ մի տեղից ոչ մի հստակ տեղեկություն այդպես էլ չեն ստացել։ Իսկ վարչական շրջանի ղեկավարը և՛ բանավոր, և՛ գրավոր հայտնել է` վարչական շրջանում նման փաստաթղթեր առկա չեն։
Կառուցապատող կողմից եկել է մի ներկայացուցիչ, որը հայտարարել է, որ միևնույն է` իրենք շինարարություն իրականացնելու են, և եթե բնակիչներին դուր չի գալիս, կարող են իրենց տները վաճառել ու գնալ որևէ գյուղում ապրել։
Ի դեպ, բնակիչների տրամադրած հեռախոսահամարով փորձեցինք զրուցել կառուցապատողի կամ նրա ներկայացուցչի հետ, բայց մեզ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել նրանց հետ։
Բնակիչները սպասում են, որ Երևանի քաղաքապետարանը փաստաթղթերի փաթեթ կներկայացնի վարչական դատարան, որից հետո իրենք որոշակի տվյալներ կստանան։ Նշենք, որ նորակառույցի շինարարական աշխատանքներին իրենց ստորագրությամբ դեմ են արտահայտվել 4 շենքերի 200 բնակիչներ։