Արայիկ Հարությունյանն անձամբ էր սկսել քննարկել իր հրաժարականի հարցը, Բակո Սահակյանն ամեն անգամ համոզում էր դա չանել

Նրա փոխանցմամբ՝ այն, ինչ կատարվեց վերջին շաբաթում, երրորդ փորձն էր հրաժարականի Արայիկ Հարությունյանի կողմից։ Բակո Սահակյանն անձամբ է համոզել, որ հրաժարական չտա, բայց Արաչիկ Հարությունյանը հիմնավորում էր, որ այլեւս այն ազդեցությունը չունի, խոսքը տեղ չի հասնում, պրոբլեմ կա, իր հրաժարականը ճիշտ է։ «Վերջին անգամ ինքը հավաքել էր եւ հայտարարել, որ մեկ է՝ հրաժարական է տալու, սա քննարկման հարց չի: Ուղղակի պետք է ճիշտ կողմնորոշվել, թե ով կարող է իշխանությունը ստանձնել Ղարաբաղում: Ինքն անձամբ փորձում էր համոզել մարդկանց, որոնք միգուցե պատրաստ կլինեն ստանձնել այդ իշխանությունը: Սամվել Շահրամանյանը միակը չէր, առնվազն երեք հոգու հետ Արայիկ Հարությունյանը անձամբ էր խոսում, համոզում: Չեմ ուզում հիմա անուններ տալ: Այսպես է եղել»,- պատմել է Ռոբերտ Քոչարյանը:
Նա ընդգծել է, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականի ժամանակ ինքը հեռախոսազրույցներ է ունեցել եւ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն իրեն պատմել են որոշ բաներ. «Ասում էին, որ այդ ամենը Արայիկ Հարությունյանն ասել է նաեւ Նիկոլ Փաշինյանին: Բազմաթիվ հեռախոսազրույցներ են եղել Նիկոլ Փաշինյանի հետ եւ վերջինս շատ լավ գիտեր՝ ինչ է կատարվում Ղարաբաղում»: