Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու մարմինը          Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն       Արցախ վերադարձը հնարավոր է, ժամանակի հարց է, կարևորն այն է, որ մենք այդ նպատակը ունենանք ու գնանք դրա հետևից    

15 մար 2025 16:01

Ամերիկայի հայկական համագումարը դիմել է Թրամփին՝ Բաքվում ապօրինի անազատության մեջ պահվող հայ գերիների հարցով

Ամերիկայի հայկական համագումարը դիմել է Թրամփին՝ Բաքվում ապօրինի անազատության մեջ պահվող հայ գերիների հարցով Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Օսկար Թաթոսյանը և Թալին Յակուբյանը նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակում կոչ են արել գործուն քայլեր ձեռնարկել Բաքվում ապօրինի կերպով անազատության մեջ պահվող հայ գերիներին ազատ արձակելու ուղղությամբ, ինչը կապահովի նաև իրական խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Ամերիկայի հայկական համագումարի տարածած հայտարարության մեջ նամակի հեղինակները նաև հիշեցրել են «Հալածյալ քրիստոնյաներին պաշտպանելու» և «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը վերականգնելու» վերաբերյալ ԱՄՆ նախագահի հայտարարությունը՝ մատնանշելով, որ իրական խաղաղության հնարավոր չէ հասնել այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր հայ գերիներն ու ռազմագերիները ազատ չեն արձակվել Բաքվի կողմից: 

«Մենք Ձեզ կոչ ենք անում օգտագործել Ձեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները հայ գերիների շուտափույթ ազատ արձակման համար»,-նշել են նամակի հեղինակները:

Ամերիկայի հայկական համագումարի համանախագահները նաև ընդգծել են, որ պետք է լինեն անվտանգության ուժեղ երաշխիքներ, ինչպես նաև ծանր հետևանքներ, եթե Ադրբեջանը խախտի այս համաձայնագիրը: 

Իրենց նամակում նրանք ընդգծել են նախագահ Թրամփի առաջին ժամկետի ընթացքում Ադրբեջանի՝ «իր միջազգային պարտավորություններին, ներառյալ 2020թ.-ի Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնագիրը» չկատարելու հերթական ձախողումը։ 

Նամակում նաև լուրջ մտահոգություններ են արտահայտվել Հայաստանի ռազմավարական տարածքներում Ադրբեջանի շարունակական ռազմական ներկայության վերաբերյալ և բացատրվել է, որ չնայած Հայաստանի պատրաստակամությանը՝ հասնելու կայուն խաղաղության համաձայնագրի, Ադրբեջանը շարունակում է անօրինական ցուցադրական դատավարություններ անցկացնել հայ գերիների նկատմամբ: 

Համանախագահները հիշեցրել են, որ Լեռնային Ղարաբաղի 120,000 հայերի էթնիկ զտումները մնում են չլուծված հումանիտար ճգնաժամ, և իրենց նամակում շեշտել են, որ հայերի իրավունքները և կարգավիճակը պետք է լուծվեն, և նրանց վերադարձի հիմնարար իրավունքը պետք է երաշխավորվի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր