Երևանի աղբահանության դրույքաչափի փոփոխությունը ոչ իրավաչափ է և հակասում է ՀՀ օրենսդրությանը

Այս մասին Hayacq.com-ի հետ զրույցում նշեց «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը:
«Ավագանու որոշմամբ սահմանված Երևան քաղաքում տեղական վճարների դրույքաչափերը, այդ թվում՝ աղբահանության դրույքաչափերը, Երևան քաղաքի սեփականատերերի համար փոխվել է. այդ դրույքաչափի չափման միավորը՝ նախկինի ըստ փաստացի (հաշվառված) բնակվաղ շնչի դրույքաչափի փոխարեն սկսվել է կիրառվել ըստ զբաղեցրած ընդհանուր մակերեսի դրույքաչափը:
Երևանի ավագանին ցուցաբերել է ինքնիրավչություն այն է. օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքն ինքնակամ իրականացնելով (ընդունելով Ավագանու որոշումը), որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին,- ասաց Մովսես Արիստակեսյանը»:
Ըստ Մովսես Արիստակեսյանի Ավագանու որոշումը և դրանով նախատեսված այդ փոփոխությունը հակասում են
ՀՀ սահմանադրության.
«Սեփականության իրավունքը» Հոդված 60-ի 8-րդ մասի դրույթին:
Ըստ այդ փոփոխության խախտվել է Օրենքով սահմանված իրավակարգավորումը աղբահանության դրույքաչափի սահմանման վերաբերյալ:
Խախտվել է «Օրենքի առջև ընդհանուր հավասարությունը» Հոդված 28-ի դրույթն առ այն, որ Օրենքի առջև բոլորը պետք է լինեն հավասար:
Ըստ այդ փոփոխության Օրենքի առջև սահմանվում է ակնհայտ անհավասարություն Երևան քաղաքի և մարզերի սեփականատերերի, ֆիզիկական անձանց միջև:
Խախտվել է նաև «Խտրականության արգելքը» Հոդված 29-ի դրույթն առ այն, որ Խտրականությունը, կախված գույքային վիճակից, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
Ըստ այդ փոփոխության սահմանվում է ակնհայտ խտրականություն Երևան քաղաքի սեփականատերերի, ֆիզիկական անձանց միջև՝ կախված նրանց գույքային և սոցիալական վիճակներից:
Նաև խախտվել է «Օրինականության սկզբունքը» Հոդված 6-ի դրույթներն առ այն, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Այդ փոփոխությունը զուրկ է իրավական որոշակիությունից և հակասում է ՀՀ Սահմանադրության վերոհիշյալ իրավակարգավորումներին:
Բացի այդ խախտվել է նաև «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի «Աղբահանության վճարի դրույքաչափը և հաշվարկման մեթոդները» Հոդված 14-ի 1-ին մասի 1-ին կետի դրույթն այն մասին, որը բնակելի նպատակային նշանակության շենքերում և շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար աղբահանության վճարը սահմանվում է՝ ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և կամ բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ ամսական հիսունից մինչև չորս հարյուր Հայաստանի Հանրապետության դրամ:
Փոխարենը Ավագանին իր որոշումը կայացրել է Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի «Աղբահանության վճարի դրույքաչափը և հաշվարկման մեթոդները» Հոդված 14-ի 1-ին մասի 1-ին կետի երկրորդ նախադասության դրույթին համապատասխան՝ ըստ զբաղեցրած տարածքի:
Ըստ պրն Արիստակեսյանի դիտարկման «Աղբահանության վճարի դրույքաչափը և հաշվարկման մեթոդները» Հոդված 14-ի 1-ին մասի երկու կետերի իրավակարգավորումները ֆիզիկական անձանց նկատմամբ հակասական են, պարունակում են իրավական կոլիզիա և չեն բխում ՀՀ սահմանադրությամբ հռչակված սոցիալական արդարության սկզբունքից և աղբահանություն եզրույթի տնտեսագիտական բովանդակությունից, քանի որ աղբը գոյանում է ոչ թե համայնքի ընդհանուր օգտագործման տարածքներում և/կամ դրանց կողմից, այլ՝ այդ տարածքների սեփականատերերի, տնօրինողների կողմից:
Այս ամենը մանրամասն ներկայացնելով պարոն Արիստակեսյանը դիմել է քաղաքապետարան՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանին, առաջարկելով.
Անվավեր ճանաչել Ավագանու որոշման հավելվածով նախատեսված աղբահանության վճարի դրույքաչափի մասին իրավակարգավորումը՝ «Վարչարարության հիմունքները և վարչական վարույթի հիմունքների մասին» ՀՀ օրենքի «Ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր ճանաչելը» 63-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի իրավակարգավորմանը համապատասխան:
Դադարեցնել Ավագանու որոշման հավելվածով սահմանված աղբահանության վճարի դրույքաչափերի գործողությունը Երևանի ֆիզիկական անձ հանդիսացող անշարժ գույքի սեփականատերերի համար:
Ի պատասխան Երևանի քաղաքապետարանից Մովսես Արիստակեսյանին պատասխանել են, որ համաձայն չեն վարչական բողոքի հիմնավորումներին և համարում են, որ Ավագանու որոշումը իրավաչափ է:
Միաժամանակ, խնդրի վերաբերյալ Մովսես Արիստակեսյանը դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ Ավագանու նշված որոշումը հակասահմանադրական ճանաչելու հարցը քննարկելու խնդրով, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել: