Գյումրիում 8 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու, ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու մեղադրանքներով

Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված երկու կուսակցությունների գրասենյակներում և մի շարք անձանց բնակարաններում, որոնց արդյունքում հայտնաբերվել են վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր, այդ թվում՝ քաղաքացիների անձնագրային տվյալներ ու ձեռագիր նշումներ պարունակող ցուցակներ:
Ձերբակալվածներից 3-ը տվել են խոստովանական ցուցմունքներ՝ վերը նշված հանցավոր արարքները կատարելու վերաբերյալ և աջակցել նախաքննական մարմնին: Հաշվի առնելով մեղադրյալների օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հանգամանքները՝ նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, իսկ մնացած 6-ի նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ այնպիսի սահմանափակումների կիրառմամբ, որպիսիք կապահովեն ընտրական գործընթացում և նախաքննության փուլում վերջիններիս պատշաճ վարքագիծը: