Սամվել Կարապետյանի նկատմամբ գործընթացը, որը վերածվեց քրեական հետապնդման, հանդիսանում է քաղաքական հետապնդում

Նրա խոսքով, Կարապետյանին մեղսագրվում է արարք, որը ենթադրում է հստակ իշխանության զավթման կոչ, մինչդեռ ընդհանրապես առկա չէ որևէ կոչ։
Վարդևանյանը նշեց, որ սա իրավական աբսուրդ է։
«Բայց իհարկե, աբսուրդն ունի ակունք, որտեղից ձևավորվեց այս աբսուրդը։ Բոլորս շատ լավ հիշում ենք, թե ինչ սկսեց կատարվել 2025 թ. հունիսի 17-ին: Մենք տեսանք, թե ինչպես գործադիր իշխանության ղեկավարը ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով ներկայացրեց այնպիսի խոստումներ, որոնք ուղղված էին այդ թվում Սամվել Կարապետյանի նկատմամաբ հաշվեհարդար տեսնելուն, որն աննախադեպ էր, եվրոպական որևէ երկրում նման բան չենք տեսել, երբ ֆեյսբուքում հնչեցվի խոստում քրեական հետապնդման, հաշվեհարդարի։
Այդ կետից սկսած՝ մենք ունենք քաղաքական հետապնդման փաստական տվյալ: Սամվել Կարապետյանի նկատմամբ 2025 թ. հունիսի 17-ից սկիզբ առած գործընթացը, որը վերածվեց քրեական հետապնդման, հանդիսանում է քաղաքական հետապնդում։ Ակնհայտ է, որ այս ամենը ստեղծվեց նրանից, որ Սամվել Կարապետյանն արտահայտեց իր վերաբերմունքը Մայր Աթոռի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Սա նույնպես աքսիոմատիկ ճշմարտություն է։ Ասեմ ավելին, դրա հետ համաձայն է նաև քննիչը»,-նշեց Վարդևանյանը։