ՔՊ-ի դռնփակ նիստում քննարկվել է Սյունիքով ճանապարհ տալու հարցը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի տրամադրությունը քաղաքական հավաքի ընթացքում նկատելիորեն լարված է եղել։ ՔՊ-ականներն արձանագրել են, որ վարչապետը չի ստացել այն արդյունքներն ու հավաստիացումները, որոնք ակնկալում էր Թուրքիա, Աբու Դաբի եւ եվրոպական ուղղություններով վերջին այցերի ընթացքում։ ՔՊ-ի ներսում շրջանառվում է տեսակետ, որ այս փուլում միջազգային դերակատարները չեն պատրաստվում ամբողջությամբ աջակցել Փաշինյանի ցանկությանը՝ ճանապարհային խնդիրը կարգավորելու իր նախընտրած ձեւաչափով։
Դռնփակ քննարկման ժամանակ, ըստ մեր աղբյուրների, վարչապետ Փաշինյանը միանշանակ հայտարարություն է արել՝ վստահեցնելով կուսակիցներին, որ Հայաստանը որեւէ տարբերակով ավտոճանապարհ, միջանցք կամ տարածք չի տրամադրելու, եթե այն դուրս է լինելու Հայաստանի իրավազորությունից։ Նա ընդգծել է՝ «նույնիսկ ամերիկյան կողմի վերահսկողության ներքո ավտոճանապարհ չենք տալու»։
Սակայն հետաքրքիր հակասություն է նկատվում այս հայտարարության եւ իշխանության նախկին հայտարարությունների միջեւ։ Հիշեցնենք, որ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեռ անցած տարի ասել էր՝ կոմունիկացիաների եւ ճանապարհների անվտանգությունը կարող է ապահովվել մասնավոր ընկերության միջոցով։ Այսօր Փաշինյանն իր դիրքորոշումը ձեւակերպում է կտրուկ ու բացառող ձեւով։
Իսկ արդյոք նման դիրքորոշումը կարող է Ադրբեջանին լեգիտիմ հիմք տալ՝ ուժով պահանջելու կամ վերցնելու այդ ճանապարհը՝ ՔՊ-ում հստակ պատասխան այս հարցին չունեն։ Իշխանության ներսում մտավախություն կա, որ հստակ ռազմավարության բացակայության պայմաններում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, իսկ խաղաղության համաձայնագիրը գուցե այդպես էլ չկնքվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 16․ 07․ 25 թ համարում։