Ստոկհոլմի արբիտրաժը հաստատել է ՀԷՑ-ի բռնագրավումն արգելող որոշման պարտադիր լինելը

Արբիտրաժի կողմից որոշման հրապարակումից հետո Հայաստանի Հանրապետության պետական մարմինները հանդես եկան մի շարք հայտարարություններով՝ նշելով, որ հրատապ արբիտրաժի որոշումները կարող են չկատարվել ՀՀ կառավարության կողմից, և ՀՀ տարածքում կատարման համար դրանք նախևառաջ պետք է ճանաչվեն ՀՀ դատարանների կողմից։ Բացի այդ, Հայաաստանի Հանրապետությունը շարունակեց ՀԷՑ-ի բռնագրավման ուղղությամբ իր քայլերի կատարումը։ Մասնավորապես, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը աշխատանքից ազատեց և շարունակում է աշխատանքից ազատել ընկերության առանցքային աշխատակիցներին և մասնաճյուղերի տնօրեններին՝ խախտելով հրատապ արբիտրի որոշումը։
Այդ կապակցությամբ 2025 թվականի հուլիսի 29-ին Սամվել Կարապետյանն ու ընտանիքը կրկին դիմել են հրատապ արբիտրաժին՝ խնդրելով լրացում կատարել հուլիսի 22-ին ընդունված որոշման մեջ և լրացուցիչ պարզաբանում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առ այն, որ վերջինս պարտավոր է կատարել արբիտրաժի որոշումը և վերականգնել ներդրողների առաջին դիմումի ամսաթվի դրությամբ գոյություն ունեցող ստատուս քվոն, ինչպես նաև պարտավորեցնել հաշվետվություն ներկայացնել որոշման կատարմանն ուղղված քայլերի մասին։
2025 թվականի օգոստոսի 4-ին հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել քննության չառնել ավելի վաղ իր կողմից ընդունված որոշման լրացման անհրաժեշտությունը՝ ևս մեկ անգամ փաստելով, որ իր կողմից հուլիսի 22-ին ընդունված որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության համար արդեն իսկ ենթակա է պարտադիր և անհապաղ կատարման։