Տեսանյութ․Նշվեց Հայ առաքելական Սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը

«Վերափոխում» բառն արտահայտում է արդարների ննջումը կատարյալ խաղաղության և աստվածմերձության մեջ: Այն ոչ թե մահ է, այլ՝ երանելի անցում դեպի երկինք: Այդպիսին էր Աստվածամոր երկրային կյանքի վախճանը:
Սուրբ Կույսի ննջումից առաջ զարմանահրաշ կերպով նրա մոտ հայտնվեցին առաքյալները՝ հրաժեշտ տալու իրենց սիրելի մորը: Նրանք ականատես եղան, թե ինչպես Քրիստոս ընդունեց սուրբ Մարիամի հոգին՝ օրհնելով ու լուսավորելով երկնային փառքով:
Խաղողօրհնեք
Դրախտից արտաքսվելուց հետո քանի որ մարդը իշխան էր կարգված ամբողջ երկրի վրա, ուստի նրա անիծվելով՝ անիծվում է նաև նրա ամբողջ իշխանությունը, այսինքն՝ ամբողջ երկիրը՝ իր կենդանիներով ու բույսերով հանդերձ: Իսկ երբ, Միածին Որդու գալստյամբ, կրկին օրհնվում է մարդկային բնությունը, ապա վերստին օրհնվում են նաև բոլոր զգալի արարածները: Սակայն բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը, ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այս խոսքի. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. ԺԵ 1):