Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»    

01 սեպ 2025 10:14

Բարի, օրհնյալ ուսումնական նոր տարի, Աստված խաղաղ պահի հայրենի մեր երկիրն ու ժողովրդին ի սփյուռս աշխարհի

Բարի, օրհնյալ ուսումնական նոր տարի, Աստված խաղաղ պահի հայրենի մեր երկիրն ու ժողովրդին ի սփյուռս աշխարհիԳիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում աշակերտներին, ուսանողներին և կրթության գործի մշակներին, նշված է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձում։

«Իմացության շնորհը և գիտելիքների ընկալունակությունը Աստծուց տրված պարգևներ են, որ բարիք են ստեղծում, երբ մարդկային կյանքը խարսխվում է առ Աստված հավատի և տերունավանդ պատգամների վրա։ Սուրբ Գիրքն ուսուցանում է․ «Տերն է տալիս իմաստությունը, և նրանից են բխում գիտությունն ու հանճարը։ ․․․Եվ երբ իմաստությունը մտնի սրտիդ մեջ և գիտությունը ախորժելի լինի հոգուդ, այն ժամանակ բարի խոհերը պիտի զգուշացնեն քեզ և արդար մտքերը քեզ պիտի պահպանեն, որպեսզի փրկություն գտնես․․․» (Առակ․ 2․6, 10-12)։ Այս գիտակցությամբ է ապրել մեր ժողովուրդը՝ գիտելիքի հանդեպ անխախտ սերն իր հոգում, որով և դարերի հոլովույթում հաղթահարվել են ժամանակի փորձությունները, ստեղծվել է հոգեմտավոր մեր հարուստ ժառանգությունը։

Սիրելի աշակերտներ և ուսանողներ, այսօր ձեզ համար սկսվում է եռանդուն աշխատանքի, գիտելիքների յուրացման ու արժեքների ճանաչման, հոգևոր ու մտավոր հասունացման ևս մեկ շրջան:

Հայրական Մեր պատգամն է ձեզ, որ ջանասիրությամբ հետևեք ուսումնառության ձեր ընթացքին, զորանաք առ Աստված և առ հայրենին սիրո մեջ, որ կարող լինեք ամբարած ձեր գիտելիքները ազգային բարձր գիտակցությամբ ծառայեցնել մեր ժողովրդի բարօրությանն ու առաջընթացին:

Ուժ ու եռանդ ենք մաղթում մանկավարժներին՝ իրենց սաներին առաջնորդելու դեպի գիտության ու ճանաչողության հրաշալի աշխարհ, կրթելու նրանց Սահակ-Մեսրոպյան ոգով, որ հասակ առնեն որպես մեր ժողովրդի արժանավոր զավակներ և մեր պետության պատասխանատու քաղաքացիներ։

Մեր աղոթքն է, որ Բարին Աստված խաղաղ պահի հայրենի մեր երկիրն ու ժողովրդին ի սփյուռս աշխարհի։ Թող Տերը Իր շնորհներով հոգու պայծառություն և ուշիմ միտք պարգևի մեր բոլոր զավակներին և առատորեն օրհնի ուսման ու կրթության գործի նվիրյալների ջանքերը:

Բարի, օրհնյալ ուսումնական նոր տարի»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր