Տեսանյութ.Եթե Ադրբեջանի քաղաքացին կարող է Հայաստանի տարածքով հասնել Նախիջևան, պետք է ՀՀ քաղաքացին էլ Նախիջևանի միջոցով Իրան գնա
«Եթե հարցը դիտարկենք փոխադարձության սկզբունքի հիման վրա, որ Նախիջևանը կարող է կապ հաստատել Ադրբեջանի հետ, ապա փոխադարձաբար Հայաստանը կարող է Երասխի և Ջուլֆայի միջոցով կապ հաստատել Իրանի հետ։ Եթե Ադրբեջանի քաղաքացիները կարող են Հայաստանի տարածքով ցամաքային ճանապարհով հասնել Նախիջևան, նույն իրողությունը պետք է ՀՀ քաղաքացիների համար լինի՝ Հայաստանի քաղաքացին կարողանա Նախիջևանի միջոցով Իրան գնա»,-այս մասին հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։Դեսպանի խոսքով՝ ռիսկեր կլինեն այն ժամանակ, երբ այդ ճանապարհից ոչ բոլորը կարողանան օգտվել. «Ռիսկն այն կլինի՝ եթե «խաղաղության խաչմերուկի» մի մասը իրագործվի, իսկ մյուս մասը՝ ո՛չ»:
Սոբհանիի խոսքով՝ վաշինգտոնյան պայմանավորվածություններում իրանական կողմի համար անհասկանալին «ճանապարհի օպերատորի կողմից իրականացվող գործողություններն են»։
«Երբ ասում եմ՝ անհասկանալի պահեր կան, նկատի ունեմ, որ դեռևս մանրամասն ու հստակ չէ։ Խոսքս վերաբերում է այն քննարկումներին, որոնց արդյունքում պետք է համատեղ ընկերություն ստեղծվի, որը ներգրավելու է ներդրումներ։ Այստեղ դեռ հստակ չէ»,- ասաց նա՝ շեշտելով, որ երբ քննարկումների արդյունքում հստակություն լինի, հնարավոր կլինի գնահատական տալ։
Անդրադառնալով պաշտպանական ոլորտի համագործակցությանը՝ նա ընդգծեց, որ անցած տարի ՀՀ պաշտպանության նախարարն այցելել էր Իրան։ «Այս տարի 17 տարի ընդմիջումից հետո Իրանի պաշտպանության նախարարը Հայաստան այցելեց։ Սա խոսում է այն մասին, որ պաշտպանական ոլորտում համագործակցությունը զարգացել է»,-ասաց նա։
