Նիկոլ Փաշինյանը նահանջեց հայտարարագրման թեմայից, նոր օրինագիծ է մշակվում. «Ժողովուրդ»
Այսինքն՝ քաղաքացիների մոտ տասը տոկոսն է լրացրել հայտարարագիրը, որը խայտառակ վատ ցուցանիշ է իշխանության համար:Սա մեծ ապտակ է ՔՊ-ին ու Նիկոլ Փաշինյանին, եւ որպեսզի նոյեմբերի 1-ին ընդառաջ Նիկոլ Փաշինյանը վերջնականապես չխայտառակվի, նրանք մտածել են նոր օրինագիծ բերել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ ՔՊ խմբակցությունը առաջիկա օրերին արտահերթ ռեժիմով կբերի նոր օրինագիծ, որի անունը կլինի «Հայտարարագրի պարզեցման ընթացակարգ», սակայն իրականում դա հնարավորություն կտա քաղաքացիներին չմտնել ՊԵԿ կայք եւ ուղղակի չլրացնել հայտարարագիրը:
Ինչպես հայտնի է, մյուս տարի նաեւ թոշակառուները եւ մյուս քաղաքացիները պետք է հայտարարագրման համակարգին միանան, որը լրացուցիչ բեռ է յուրաքանչյու քաղաքացու համար:
ՔՊ-ն թողնում է ՀՀ քաղաքացու հայեցողությանը. եթե քաղաքացին համարում է, որ ՊԵԿ տեսանելի տեղեկությունից բացի ինքը որեւէ այլ եկամուտ չունի, ապա կարող է անգամ մուտք չգործել համակարգ, նույնիսկ նոյեմբերի 1-ից հետո կարող է չմտնել հայտարարագրման համակարգ, եւ կհամարվի, որ քաղաքացու հայտարարագիրը լրացված եւ հանձնված է: Ինչպե՞ս, շատ պարզ. այն, ինչ արդեն կա ՊԵԿ տեղեկատվական շտեմարանում, հենց այդ տեղեկության հիման վրա, որը տեսանելի է եղել ՊԵԿ-ին, կփոխանցվի հայտարարագրման համակարգ ինքնաշխատ ձեւով, եւ հայտարարագիր չլրացնելու համար պատասխանատվություն չի լինի:
Իհարկե, ՔՊ նախագծում կսահմանվի տուգանք այն մարդկանց համար, ովքեր ունեն այլ եկամուտ, բայց չեն հայտարարագրել: Ասել է թե՝ խոպանի փողերը կամ ամուսնու, կնոջ, բարեկամի, հոր, մոր կողմից փոխանցված գումարները չլրացնելու համար ՔՊ-ն պատասխանատվությունը թողնում է նույնը. կպատժի, եթե պարզեց քաղաքացին եկամուտներ ունի:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ն նաեւ ՊԵԿ-ին գործիքակազմ է տալիս՝ քաղաքացու համաձայնությամբ նրա ստացած ավանդների մասին ինֆորմացիան եւս վերցնելու եւ ինքնաշխատ ձեւով հայտարարագրում դնելու, որպեսզի պետությունը տեսնի, թե ավանդից ինչ եկամուտներ է ստանում քաղաքացին:
Հավելենք, որ հայտարարագրման մոտիվացիոն տրամաբանությունն էլ է պահպանված նախագծում. այն քաղաքացին, որը մուտք կգործի ՊԵԿ-ի կայք եւ կլրացնի հայտարարագիր, սոցկրեդիտներից կկարողանա օգտվել՝ առողջապահության եւ կրթության վրա ծախսված տարեկան 100 հազար դրամի վերադարձի շրջանակում:
Այս նահանջը, իհարկե, 2026 թվականի ընտրություններին ընդառաջ քաղաքացիներին չնեցացնելու մասին նախագիծ է: Իսկ թե ինչ կլինի Փաշինյանի վերարտադրությունից հետո, բարդ չէ կանխատեսել. Փաշինյանը քաղաքացիների համընդհանուր ընդվզումն ու իր նախագծի մերժումը չի ների»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 07. 10․ 25 թ
