Մոսկվայում ձերբակալվել է ստամբուլյան մաֆիայի առաջնորդը, նա ադրբեջանցի Ալի Գյուլմալիզադեն է
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի քաղաքացի Ալի Գյուլմալիզադեն, որին Թուրքիայի իշխանությունները մեղադրում են հայտնի փաստաբան Սերդար Օքթեմի սպանությունը կազմակերպելու մեջ, ձերբակալվել է Մոսկվայում հոկտեմբերի 23-ին։ Աղբյուրների համաձայն՝ ձերբակալությունը տեղի է ունեցել ռեստորանում, որտեղ Գյուլմալիզադեն ճաշում էր մեծ խմբի հետ։Խուզարկության ընթացքում ոստիկանությունը զենք է առգրավել, որը, ըստ ձերբակալվածի սեփական խոստովանության, պատկանել է իրեն և իր ընկերներին։ Գյուլմալիզադեն, որը «Դալթոն» հանցավոր խմբավորման մեջ հայտնի է Ալիջան Չաքըր մականունով, կասկածվում է ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ և նախկին փաստաբան Օքթեմի սպանությունը պլանավորելու մեջ։
Օքթեմը նախկինում մոտ երկու տարի անցկացրել է բանտում ազգայնական երիտասարդական կազմակերպության նախկին առաջնորդ Ուլքյու Օջաքլարիի սպանության գործով, բայց ազատ էր արձակվել։ Փաստաբանի սպանությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին Ստամբուլի Շիշլի շրջանում՝ Զինջիրլիկյու գերեզմանատան մոտ։
Այս գործի շրջանակներում ձերբակալվել է ինը կասկածյալ, այդ թվում՝ երկու անչափահաս, իսկ չորսը գտնվում են դատական հսկողության տակ։ Կասկածյալների ցուցմունքների համաձայն՝ հարձակումը պլանավորել է Գյուլմալիզադեն։
«Նա սպառնացել է սպանել իմ ընտանիքին, ուստի ես ստիպված եմ եղել համաձայնվել Ալիջան Չակիրի (Ալի Գյուլմալիզադե) առաջարկին։ Նա մեզ ուղարկել է այն անձի հասցեն և լուսանկարը, որի վրա պետք է հարձակվեինք։ Երբ Սերդար Օքթեմի մեքենան մոտեցավ, մենք կրակ բացեցինք», - ասել է կասկածյալներից մեկը։
Ներկայումս Թուրքիայի և Ռուսաստանի միջև սկսվել է Գյուլմալիզադեի արտահանձնման վերաբերյալ դատական գործընթաց:
