Հաղարծին տանող ճանապարհին Բրյուսովի ուսանողներին տեղափոխող ավտոբուսը կիսակողարջված հայտնվել է անտառում, կան վիրավորներ
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում դեպի Հաղարծին վանական համալիր տանող ճանապարհին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներին տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, բախվելով ծառերին, կիսակողաշրջված հայտնվել անտառի մեջ, հայտնում է Shamshyan.com-ը։Վթարի հետևանքով կան վիրավորներ, որոնց թիվը ճշտվում է։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն Դիլիջանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ փրկարարները այս պահին վիրավորներին մոտեցնում են շտապօգնության ավտոմեքենաներին։
Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ հիվանդանոց է տեղափոխվել մոտ 20 հոգի, որոնց կյանքին վտանգ չի սպառնում:
Ծափաթաղ գյուղում անհետ որոնվող 3-ամյա տղայի մարմինը հայտնաբերվել է հարևան գյուղի դաշտամիջյան հատվածում
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, մի քանի օր շարունակ որոնողական աշխատանքների արդյունքում Գեղարքունիքի մարզում հայտնաբերվեց հոկտեմբերի 27-ից որպես անհայտ որոնվող Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրանի մարմինը, հայտնում է Shamshyan.com-ը։
Փրկարարները, պարեկները ու ոստիկանները երեխայի դին հայտնաբերել են Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։
Երեխայի փնտրում էին դեռ հոկտեմբերի 27-ից։ ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը ձեռնարկում էին որոնողական ծավալուն աշխատանքներ։
