Իրավապաշտպանները, միջազգային կառույցները լուռ են, իսկ իշխանության համար այդ լռությունը դարձել է կանաչ լույս
ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտարարել է, որ ինչպես բոլոր բռնապետական ռեժիմների իշխանությունները դասական իմաստով, այնպես էլ Հայաստանի իշխանությունները անընդմեջ հայտարարում են, թե մեր երկրում քաղբանտարկյալներ չկան։«Որքան էլ փորձեն մեզ համոզել դրանում, Հայաստանում քաղաքական հետապնդումները ակնառու են, քաղբանտարկյալների թիվն աննախադեպ աճում է, իսկ արդարադատությունը՝ բանտարկված։ Երբ քաղաքացիներին ամիսներով պահում են կալանքի տակ միայն այն պատճառով, որ նրանք փողոց են փակել, կամ պարզապես համարձակվել են ասել, որ համաձայն չեն, դա հենց քաղաքական հետապնդում է։ Երբ բողոքի ակցիայի ժամանակ բռնություն է կիրառվում ուժայինների կողմից, բայց դատարան է գնում ոչ թե բռնություն գործադրողը, այլ սեփական իրավունքները պահանջող քաղաքացին՝ դա հենց քաղաքական ճնշում է։ Երբ քննչական մարմինները մի գործը քարշ են տալիս տարիներով, որովհետև մարդն ընդդիմադիր է, իսկ մյուս գործը փակում են ժամերի ընթացքում, որովհետև մարդն իշխանության յուրայինն է, դա հենց ընտրովի արդարադատությունն է։ Երբ քաղաքացիներին գիշերը կամ առավոտյան դիմակավորված տանում են տնից՝ իշխանությանը քննադատելու համար, դա հենց բռնապետությունն է»,- հայտարարել է Հակոբյանը ԱԺ-ում քաղբանտարկյալների վերաբերյալ լսումների ժամանակ։
Վերջինս նշել է, որ իրավապաշտպանները և միջազգային կառույցները լուռ են, իսկ իշխանության համար այդ լռությունը դարձել է հարմարավետություն, ավելի շուտ՝ կանաչ լույս։
«Այն կազմակերպությունները, որոնք մինչ 2018 թվականը աղմուկ էին բարձրացնում յուրաքանչյուր աննշան խախտման վերաբերյալ, այսօր նախընտրում են չնկատել քաղաքական կալանավորումները։ Չեն խոսում, չեն արձագանքում, չեն կանգնում բռնության ենթարկված մարդու կողքին։ Իրավապաշտպանի լռությունն օրինականացնում է անօրինականը, իրավապաշտպանի լռությունը դառնում է բռնության կամ դրա հանդուրժման նշան։ Օրենքը, արդարությունն ու վստահությունը կարող են վերականգնվել միայն այն իշխանության ժամանակ, որը չի վախենա ճշմարտությունից և չի հետապնդի մարդկանց իրենց համոզմունքի համար։ ՀԱՍԵ-ն մեզ սովորեցնում է, որ մարդու կյանքի գլխավոր նպատակը Աստծո արքայությանը արժանանալն է՝ այդ ճանապարհին պահելով ճշմարտությունը, հավատը և արդարությունը»,- ասել է նա։
