Անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառելու դեպքի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Է.Հ.-ի հայրը՝ Ա.Հ.-ն երկու անձի հետ այցելել է Ա․Կ․-ի բնակարան, որտեղ վերջիններս լրացնելով մեկը մյուսի գործողությունները՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Ա․Կ․-ի մարմնի տարբեր մասերին և հայհոյանքներ հնչեցրել։
Այնուհետև, հետագայում իրենց գործողությունները որպես հանգիստ խոսակցություն ներկայացնելու նպատակով՝ Ա․Հ․-ն նաև դաստիարակչական բնույթի խոսակցություն է ունեցել Ա․Կ․-ի հետ, որի ընթացքում պարտադրել է նրան՝ ներողություն խնդրել Է․Հ․-ից:
Վերոգրյալ գործողությունների հետևանքով, Ա.Կ.-ին պատճառվել է հոգեկան ուժեղ տառապանք:
Նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), իսկ մեկ անձի նկատմամբ՝ 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը)։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
