Ոչ Ռուսաստանից, ոչ էլ Ուկրաինայից մոտ ապագայում չի սպասվում կապիտուլյացիա, բանակցային կարգավորումը միակ տարբերակն է
Ուկրաինայում կարգավորման ուղղությամբ առաջընթաց է գրանցվել, սակայն դեռ մեծ աշխատանք կա, ասել է Մարկո Ռուբիոն։ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Ուկրաինայում հակամարտության դադարեցման բանակցությունները չեն ենթադրում որևէ համաձայնագրի պարտադրում։
«Ո՛չ Ռուսաստանից, ո՛չ էլ Ուկրաինայից չի սպասվում մոտ ապագայում կապիտուլյացիա, ուստի բանակցային կարգավորումը միակ տարբերակն է։
Պատերազմները սովորաբար ավարտվում են երկու եղանակով՝ կամ մի կողմի կապիտուլյացիայով, կամ բանակցային կարգավորմամբ։ Մենք չենք տեսնում, որ որևէ կողմը կապիտուլյացիա անի մոտ ապագայում, ուստի միայն բանակցային կարգավորումն է մեզ հնարավորություն տալիս ավարտել այս պատերազմը։
Բանակցային կարգավորումը պահանջում է երկու բան՝ երկու կողմերն էլ ինչ-որ բան շահեն, և երկու կողմերն էլ ինչ-որ բան զիջեն։ Մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ կարող է տալ Ռուսաստանը և ինչ է ակնկալում ստանալ, ինչ կարող է տալ Ուկրաինան և ինչ է ակնկալում ստանալ։ Վերջնական արդյունքում լուծումը կախված կլինի Ուկրաինայից և Ռուսաստանից, այլ ոչ թե Միացյալ Նահանգներից։ Սա այն դերն է, որը մենք փորձում ենք խաղալ այս գործընթացում, և այդ պատճառով էլ դուք տեսնում եք այդքան շատ հանդիպումներ, որոնք տեղի են ունենում հենց հիմա», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը։
