Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական և այլ կապեր խզելու օրակարգ ՀՀ կառավարությունը չունի
Ռուսաստանի հետ քաղաքական, տնտեսական և այլ կապեր խզելու օրակարգ ՀՀ կառավարությունը չունի։ Այս մասին Առաջին ալիքի եթերում հարցազրույցի ընթացքում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։«Այս ամենն ուղիղ ասվում է նաև մեր միջազգային գործընկերներին, որպեսզի թյուրըմբռնում չլինի, մենք հարաբերություններ ենք խորացնում, կառուցում տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, որպեսզի ճիշտ հասկանան ակնկալիքները»,-ասել է նա։
Միրզոյանը նշել է, որ խզել կապերը Ռուսաստանի հետ, պետք չէ նույնականացնել ԵԱՏՄ անդամակցության հետ․ «Մենք հիմա ԵԱՏՄ-ում անդամ պետություն ենք, և մենք հիմա շահեկան համագործակցություն ունենք ԵԱՏՄ շրջանականերում։ Եթե մի օր հարց ծագի անդամակցել Եվրոպական միությանը, այդ հարցին զուգահեռ մենք բոլորս կնստենք և կմտածենք այդ մասին։ Դա կդառնա քննարկման առարկա»։
Միրզոյանը նաև հավելել է, որ 102-րդ ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցը, որը գտնվում է Շիրակի մարզում, ՀՀ իշխանությունների օրակարգում չէ։
«Հիմա մեր հարաբերությունները Եվրոպական Միության հետ գնալով խորանում են, այո, դա դեռ վերջը չէ։ Մենք ունենք ՀՀ օրենք, որն, ըստ էության, պարտավորեցնում է ՀՀ գործադիր իշխանությանը մեկնարկել Եվրամիության անդամակցության գործընթացը։ Սա օրենք է, սա ամբողջ աշխարհին հայտնի է, սրանից բխում են պարտավորություններ։ Հետևաբար, այն, մենք որտեղ ենք այսօր, դա վերջը չի։ Ես ուզում եմ դինամիկան նայենք վերջին շրջանի։ Եթե ԵՄ-ից ենք խոսում, տեսնենք ուր ենք մենք»,- ասել է ԱԳ նախարարը։
