Ցանկություն չունեմ ՔՊ-ի նախընտրական ցուցակում լինել, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու պլաններ չունեմ
Ես դիմել եմ սահմանված կարգով՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, որպեսզի ինձ հնարավորություն ընձեռնվի ընգրկվել ցուցակի նախնական ընտրության կազմում: Ինձ որևէ հիմնավորում չներկայացնելով` «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունը մերժել է: Ես սահմանված կարգով բողոքարկել եմ վարչության որոշումը, ինձ հրավիրել են վարչության նիստի և որևէ ընդունելի պատճառաբանություն չի ներկայացվել, իմ դիմումը մերժվել է: Առաջիկայում չեմ կարող իրացնել իմ իրավունքը որպես կուսակցական և լինել ցուցակում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:«Կուսակցությունը որդեգրել է քաղաքականություն, որ պետք է լինի թափանցիկություն ու հավասարություն, պետք է բոլոր կուսակցականների համար թափանցիկ լինի գործընթացը: Ցավոք սրտի, իմ բազմաթիվ կուսակցական ընկերները տարակուսանք են հայտնում, իրենք տեղեկացված չեն, թե ինձ ինչու թույլ չի տրվել ընդրգրկվել ցուցակում: Առաջիկայում եթե որևէ բան չփոխվի ու վարչությունը նոր որոշում չկայացնի և նիստ չանեն ու չորոշեն, որ իմ նկատմամբ սխալ են արել՝ ես չեմ լինի առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակում: Ասեմ, որ էլ նման ցանկություն չունեմ լինել նախընտրական ցուցակում»,- նշել է նա:
Հարցին, թե կմնա՞ արդյոք որպես ՔՊ անդամ, Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ մինչև 2026 թվականի նոր ընտրությունների ավարտը՝ 2026 թվականի սեպտեմբերին, շարունակելու է իր լիազորությունների սահմաններում աշխատել:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում պլանավորելուն՝ Սարգսյանը նշեց, որ չունի նման պլանավորում ու դրա անհրաժեշտությունը չկա:
