Սարսափելի նվաստացուցիչ է այն, որ 99 տարով զիջելով մեր ինքնիշխանությունը Սյունիքում, որպես քաղաքական ողորմություն ստանում ենք 4 գերիների ազատումը
Սարսափելի նվաստացուցիչ է նաև այն, որ 99 տարով զիջելով մեր ինքնիշխանությունը մեզ համար հսկայական ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքում, միջազգայնորեն լեգիտիմացնելով Ադրբեջանի հատուկ կարգավիճակը Զանգեզուրի «միջանցքում», որպես կորուստը մեղմացնող քաղաքական ողորմություն ստանում ենք 4 գերիների ազատումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:«Սա Նիկոլ Փաշինյանի դիվանագիտության ամբողջ պերճանքն ու սնանկությունն է: Այստեղ սկի դիվանագիտություն էլ չկա: Նրան ականջը բռնած ուղղակի տանում են դեպի նախագծված ապագա, որի մասին սկի չեն էլ հայտնում: Դրա համար էլ նա ոչ մի դարդ չունի. հեծանիվ ա քշում, թմբուկ հարում, ժողովրդի համար դիջեյությունն անում ու սրտիկներ բաշխում:
Նրա գործը այլևս մեր ժողովրդի ցավազրկումն է, և ցավազրկման համար ինչ պետք ա, նրան կուղարկեն:
Հա, մի գործ էլ են հանձնարարել` «հիբրիդային» պատերազմը մեր ինքնության դեմ:
Չհուսաթափվեք, մեր արժանապատվությունն ու ազգային շահերը վերականգնելու ենք: Այդ ժամանակ Ադրբեջանը կստորագրի խաղաղության պայմանագիրը և մենք կունենանք իսկական հաշտություն բոլոր հարևանների հետ»:
