Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել
Հակառակորդը խոսում է խաղաղության մասին, բայց ամեն օր հատուկ նշանակության նոր ստորաբաժանումներ ու զորամասեր է ձևավորում, իսկ Հայաստանը նոր հատուկ նշանակության ստորաբաժանումների ու կառույցների փոխարեն ոստիկանական ստորաբաժանումներ է ձևավորում: Այս մասին այսօր՝ Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:«Ես գտնում եմ, որ այս 5 տարիները բաց թողնված ժամանակահատված են: Պետք է մշակվեր մեր ազգային անվտանգության ռազմավարությունը, պետք է նոր խնդիրներին համաձայն՝ մարտական առումով կազմհաստիքային փոփոխություններ կատարեին: Եթե ես լինեի, այդ բերետների փոխարեն 3 կամ 4 հատ հատուկ նշանակության զորամասեր կձևավորեի, որոնք հատուկ խնդիրներ կիրականացնեին և 44-օրյա պատերազմից հետո, և այսօր»,- նշել է նա:
Անդրադառնալով բանակի օրվա նշանակությանը՝ Սեյրան Օհանյանը նշեց.
«Մեր ժողովրդին շնորհավորում եմ հայկական բանակի կազմավորման կապակցությամբ: Իհարկե այսօր տոնակատարությունները այն մեծ շուքով ու տրամադրությամբ չեն նշվում, ինչպես նախկինում էինք նշում, որովհետև մենք 44-օրյա պատերազմի ընթացքում պարտություն ենք կրել, այնուհետև բազմաթիվ անհաջողություններ են եղել, Արցախն ենք կորցրել, բայց այնուամենայնիվ ես գտնում եմ, որ հայկական բանակը այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել: Մեր ժողովուրդն ակնկալում է, որ հայկական բանակը պետք է լինի իր անվտանգության երաշխավորը, բանակը յուրաքանչյուր պետության ռազմական հզորության առանցքն է»:
