Եթե ընդդիմությունն ուզում է իշխանափոխություն, ունի մեծ հնարավորություններ մինչև ընտրությունները դա անելու
«Հայաստանում ժողովուրդը սկսած 1995 թվականից փողոցում հեղափոխություն չի արել, այս ամենը լավ գիտի Նիկոլ Փաշինյանը, դրա համար էլ վստահ նման հայտարարություններ է անում»։Hayacq.com-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ, եթե «Ժողովուրդը դեմ է Ղարաբաղի շարժումը չշարունակելու իր քաղաքականությանը, ապա կարող է հեղափոխություն անել»։
Խոսելով առաջիկա ընտրությունների մասին Արմեն Բադալյանը նկատեց.
«Կարևոր չէ՝ այս կուսակցությունը գրանցվում է, թե չի գրանցվում։ Կարող են և ուրիշ ձևով իրագործել «Մոլդովական սցենարը», կուսակցությունը գրանցել, բայց ընտրություններին թույլ չտալ մասնակցել, կամ ընտրություններին թույլ տալ մասնակցել, բայց քվեարկությունից 1–2 օր առաջ հանել քվեաթերթիկը։ Եթե ընդդիմությունն առաջ է գնում իշխանությունների խաղի կանոններով՝ ոչ մի անելիք չունեն և չեն կարող ունենալ, որովհետև, օրինակ, ընտրություններին նախորդող ուրբաթ օրը իշխանությունները կարող են նրանց հանել ընտրական գործընթացից՝ ինչպես Մոլդովայում ընդդիմադիր ուժերից մեկին ուղղակի հանեցին քվեարկությունից 2 օր առաջ, և դա էապես ազդեց ընտրությունների արդյունքի վրա: Այսինքն, եթե ընդդիմությունը ուզում է հաղթել, ապա պետք է հաղթի մինչև ընտրական գործընթացի սկիզբը, որովհետև եթե ընդդիմությունը չի հաղթում իշխանություններին, ապա իշխանությունները հունիսի 7-ին անելու են ամեն ինչ, որպեսզի վերարտադրվեն»։
Նա ընդգծեց, պետք է հասկանալ, որ Ազգային ժողովի ընտրությունները զուտ կուսակցությունների պայքար չեն, սա ընդդիմության պայքարն է եվրոպական գլոբալիստների դեմ, իսկ վերջիններս հայտարարել են, որ Մոլդովական սցենարով թույլ չեն տալու Հայաստանում ռուսամետ ուժերի հաղթանակը։
«Եթե ընդդիմությունը ուզում է իշխանափոխություն, ունի մեծ հնարավորություններ մինչև ընտրությունները դա անելու, ուղղակի ընդդիմությունը ցանկություն չունի, պատկերացում չունի, գաղափար չունի, ինչպես դա անել։
Իրականությունն այն է, որ նրանք սեփական օրակարգ չունեն, հասարակությունը գրավելու մեթոդաբանություն չունեն։ Նրանց մտածելակերպը ստանդարտ է, իսկ եթե դու ստանդարտ ես մտածում՝ քո մրցակիցը արդեն գիտի, թե դու ինչ քայլեր ես անելու, այդ դեպքում իշխանությունը գիտի ընդդիմության բոլոր քայլերը ու կանխամտածված, երևացող կամ չերևացող քայլեր է անում և հաղթում է»։
Անդրադառնալով «Մեր ձևով» շարժմանը որը նոր է մտնելու ընտրական պայքարի մեջ, նա ասաց, որ տեսնում է այդ ուժի կողմից իրականացվող քայլերը, որոնք նույնն են։
«Նրանք հայտարարում են, թե իրենց վարչապետը 1 դրամ աշխատավարձ է ստանալու, սա բացահայտ պոպուլիզմ է, որն արդյունք չի տալու: Վարչապետը չի կարող 1 դրամ աշխատավարձ ստանալ, որովհետև դա նույնպես վճարովի աշխատանք է և չի կարող չվարձատրվել: Այս ուժի թույլ կողմերից մեկն այն է, որ դեռ հայտնի չէ, թե ով է կուսակցության ղեկավարը, արդյո՞ք Սամվել Կարապետյանին թույլ կտան այն ղեկավարել, որովհետև նա ՌԴ քաղաքացի է։ Մենք դեռ չգիտենք, ով է այդ կուսակցության վարչապետի թեկնածուն»,-նշեց Արմեն Բադալյանը։
