Արարատյան Հայրապետական թեմի պարզաբանումը
Ի պատասխան լրատվամիջոցներում և հանրային հարթակներում տարածված ապատեղեկատվության՝ հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը.Արարատյան Հայրապետական թեմի կառուցվածքում «ծրագրերի համակարգողի» հաստիք երբևէ չի եղել ։ Հետևաբար, Անուշ Վարդանյանը հանրային խոսքում իրեն վերագրել է մի պաշտոն, որը երբևէ չի զբաղեցրել։ Նա ընդամենը հանդիսացել է թեմի երիտասարդական կառույցների անդամ, իսկ վերջին տարիներին՝ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» երիտասարդաց միության ատենապետը։ Նրա ներգրավվածությունը թեմական ծրագրերում եղել է բացառապես կամավորական հիմունքներով։
Քանի որ մինչև սույն թվականի մարտը թեմը չի ունեցել երիտասարդաց միությունների գործունեությունը կարգավորող հատուկ կանոնադրություն, բոլոր նախաձեռնություններն իրականացվել են այդ միությունների ատենապետների կողմից ձևավորված խորհրդի միջոցով, որտեղ անդամները ստանձնել են կամավոր պարտավորություններ։ Իսկ կամավորական գործունեությունը որպես վարձատրվող կամ հաստիքային աշխատանք ներկայացնելն ազնիվ չէ։
Անուշ Վարդանյանը չի հանդիսանում առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» երիտասարդաց միության ատենապետ 2025 թ. մայիսից, երբ հոգևոր հովվի որոշմամբ միությունը վերակազմավորվել է։ Այս փաստը հաստատվում է նաև սոցիալական ցանցերում միության նորաբաց պաշտոնական էջի տվյալներով և հրապարակումների ժամանակագրությամբ։
Հատուկ շեշտում ենք, որ Անուշ Վարդանյանն աշխատանքից չի ազատվել, քանի որ, ինչպես նշվեց, երբևէ չի եղել թեմի հաստիքային աշխատակից։ Նրա կամավորական լիազորությունները բնականոն կերպով դադարել են միության գործունեության վերակազմակերպման արդյունքում։
Անթույլատրելի ենք համարում Եկեղեցու հովանու ներքո իրականացված կամավորական ծառայությունը քաղաքական նպատակներով շահարկելը։
Եթե տարիների այդ գործունեությունն իսկապես ուղղված է եղել հոգևոր կյանքի զորացմանը, ապա հորդորում ենք զերծ մնալ սխալ ձևակերպումներով հանրության մեջ թյուր տպավորություններ ստեղծելուց։
Յուրաքանչյուր ոք ունի քաղաքականությամբ զբաղվելու իրավունք, սակայն քրիստոնեական էթիկան և պատասխանատվությունը պահանջում են լինել ազնիվ և զերծ մնալ փաստերի աղավաղումից։
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին
