«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակում ընդգրկված Վ.Ա.-ն համակարգել է Լոռու բնակիչների հավաքագրումը, գումարների տրամադրումը
Մասնավորապես՝ 2026 թվականի ապրիլի 11-ին Երևան քաղաքում ի աջակցություն «Ուժեղ Հայաստան» կուսակցության կազմակերպվելիք հավաքին մասնակցելուն հարկադրելու նպատակով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավարի կամ վերջինիս անունից հանդես եկող, կուսակցության ղեկավարի գործառույթներն իրականացնող և համակարգող անձինք ՀՀ Լոռու մարզի մի շարք բնակիչների մասնակցությունն ապահովելու համար՝ վերջիններիս նյութապես շահագրգռել են նախապես խոստացված գումարից յուրաքանչյուրին 3000-ական ՀՀ դրամ գումար տրամադրելով՝ այդ կերպ հարկադրելով նրանց մասնակցելու կազմակերպված հավաքին:
Վ.Ա.-ն, նախապես տեղեկացված լինելով նկարագրված հանցավոր գործողության մասին, խորհուրդներով, միջոցներ տրամադրելով և խոչընդոտները վերացնելով օժանդակել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավարի կամ վերջինիս անունից հանդես եկող, կուսակցության ղեկավարի գործառույթներն իրականացնող և համակարգող անձանց, այն է` համակարգել է Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը, Երևան տեղափոխումը, սննդով ապահովումը և խոստացված գումարների տրամադրումը՝ այդ կերպ նպաստելով հանցանքի կատարմանը:
Վ․Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելուն օժանդակելը)։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը:
Նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ ՔԿ
