Կրակոցներ՝ Երևանում, հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է, դեպքի վայրում հայտնաբերվել են կասկածելի իրեր
Այսօր՝ մայիսի 5-ին, կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով կա զոհ։ Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց 13 հասցեում կրակոցներ են հնչել և կա տուժած։Shamshyan.com-ի տեղեկություններով, մինչ կժամանեին քրեական և համայնքային ոստիկանները, նշված վայրից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի, որտեղից կարճ ժամանակ անց ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի հանգամանքները, մահացածի և կրակոցներ աձակողի ինքնությունը, և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, ծխախոտ և այլ կասկածելի իրեր։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մահացածը մոտ 40 տարեկան է, ում անունը Արտյոմ է։
