«Ուժեղ Հայաստան»-ի գաղտնալսված աջակիցները գործող գյուղապետեր են, բերման են ենթարկվել, բացառիկ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեև ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն ջանում է ապացուցել, որ «Ուժեղ Հայաստան»-ի վերաբերյալ հրապարակվող գաղտնալսումները քաղաքական չեն, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ անհարմար իրավիճակ է ստեղծվել․ ընդդիմադիրներին լսելով՝ հասել են Սյունիքի վարչական շրջանների գործող ղեկավարներին։Մայիսի 7-ին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես տեղեկացրեց, որ իրականացվող քրեական վարույթով բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու և անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքեր։
Մասնավորապես, պաշտոնապես հաղորդվեց, որ Կոմիտեն և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները փաստական տվյալներ են ստացել այն մասին, որ Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգ քաղաքում բնակվող ազգությամբ հայ գործարարի կազմակերպմամբ՝ վերջինիս մերձավոր շրջապատի անձինք, 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, մի շարք ընտրողների պարտք-գումարի մասը զիջելու, աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել են տալ կաշառք։ Բացի այդ, նույն անձինք փորձել են խոչընդոտել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի մի շարք բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը, ինչը դրսևորվել է վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով։
Դեպքի առթիվ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։ Ավելին՝ նախաքննական մարմինը նաև հրապարակել էր ձայնագրություն։ Մնացած դերակատարների մասին պաշտոնապես ոչինչ հայտնի չէ։
Միայն ձայնագրության մեջ ակնարկ կար Շաղատի վարչական շրջանի ղեկավարի մասին, որին իրավապահները Սյունիքից բերման են ենթարկել և բերել Երևան։
Ի՞նչ կապ ունեն Սիսիան խոշորացված համայնքի Աշոտավան, Սառնակունք և Շաղատ վարչական շրջանների ղեկավարները «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների կաշառքի գործի հետ։ Այս հարցերի պատասխանը «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ստանալ համայնքի ղեկավարներից։
Աշոտավանի վարչական շրջանի ղեկավար Արմեն Բեգլարյանն անմիջապես հերքեց լուրը, թե իրեն կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե, և հրաժարվեց այլ հարցերի պատասխանել։
Զանգահարեցինք նաև Շաղատի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Խաչատրյանին, ով հաստատեց տեղեկությունները, որ իսկապես տարել են Հակակոռուպցիոն կոմիտե, բայց վստահեցրեց, որ կապ չունի դեպքի հետ․ «Տեսեք՝ ինչ եմ ասում, ինձ տարել են, այո, ինձ ասել են՝ բան չհրապարակվի հանկարծ։ Ես գործով վկա եմ ու վերջ»,– հակիրճ ասաց գյուղապետը։
Իսկ Սառնակունքի վարչական շրջանի ղեկավար Արսեն Թորոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ ընդամենը իր անունն է շոշափվել ինչ-որ խոսակցությունների մեջ, դրա համար են տարել։ Ընդհանրապես «Ուժեղ Հայաստան»-ի հետ կապ չունի, վկայի կարգավիճակ ունի։ Մեր ճշտող հարցին՝ ինքը ՔՊ անդամ է, թե ոչ, վերջինս հայտնեց, որ անկուսակցական է, բայց աշխատում է գյուղապետ։
«Ես կողմնորոշում չունեմ, հորդորում եմ քաղաքական հարցեր չտաք։ Ես իմ մասնակցությունը կատարելու եմ, ես կիմանամ, թե ում եմ կատարելու»,- ամփոփեց գյուղապետը։
Այսպիսով, շատ անհարմար իրավիճակ է ստեղծվել․ ընդդիմադիրներին գաղտնալսել են, և պարզվել է, որ ՔՊ-ի օրոք գյուղապետ աշխատողներ են տեսադաշտում հայտնվել։ Կաշառքի քրեական վարույթով Սառնակունքի, Աշոտավանի և Շաղատի գյուղապետերին բերման են ենթարկել Հակակոռուպցիոն կոմիտե։ Բայց այս մասին պաշտոնական աղբյուրները լռում են»։
