Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի մասով որոշում ունի. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ հայտնի դարձավ, որ իշխող ՔՊ վարչությունը Ազգային ժողովի նախագահի պաշտոնում տեսնում է ոչ թե Ալեն Սիմոնյանին, այլ Ռուբեն Ռուբինյանին, առաջ եկավ կարևոր հարց՝ ի՞նչ ճակատագիր է սպասվում մեր երկրի Սահմանադրությամբ երկրորդ պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանին։Իհարկե, Ալեն Սիմոնյանի թիմակիցները շտապեցին մեդիահարթակներով շրջանառել իրենց համար ցանկալի վարկածներ, թե ԱԺ նախագահը նշանակվելու է ՀՀ նախագահ, հետո գրվեց, որ ոչ՝ դառնալու է Երևանի քաղաքապետ, իսկ այժմ արդեն խոսում են, թե կարող է որևէ նախարարական պաշտոն ստանձնել։
Սակայն իրականում Նիկոլ Փաշինյանն արդեն հրապարակավ տվել է այդ հարցի պատասխանը՝ առանց ավելորդ սեթևեթանքի։ Հարցին, թե Ալեն Սիմոնյանը շարունակելո՞ւ է իր աշխատանքը խորհրդարանում՝ որպես պատգամավոր, Փաշինյանը պատասխանել է.
«Կքննարկենք, ինքն էլ որոշում կկայացնի, թիմն էլ որոշում կկայացնի։ Մենք մեր կարծիքները կհամադրենք, կքննարկենք, կտեսնենք։ Բայց ես կարծում եմ, որ շատ կարևոր է, որ մենք ոչ միայն ունենանք այդ կարգավիճակում գտնվող անձինք, այլև նախկինում այդ կարգավիճակում գտնվող անձինք, որովհետև դա, ի վերջո, փորձ է։ Այս պահին մեր թիմում ԱԺ երկու նախկին նախագահ կա, նախկին նախարարներ կան, նախկին փոխվարչապետ կա և այդպես շարունակ։ Դա քաղաքական կապիտալ է, որը ես շատ կարևոր եմ համարում»։
Այսինքն՝ Փաշինյանի այս հայտարարությունից հետևում է, որ Ալեն Սիմոնյանի ապագան ՔՊ-ում, ըստ էության, «քաղաքական կապիտալ» լինելու կարգավիճակն է։
Իսկ ինչո՞ւ ՔՊ-ն այսպես վարվեց Ալեն Սիմոնյանի հետ։
«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները պատճառաբանում են, որ պատճառը բավականին պարզ է։ Քանի դեռ նա ԱԺ նախագահ էր, ՔՊ-ում գրեթե ոչ ոք չէր համարձակվում բացահայտ դեմ դուրս գալ նրան կամ որևէ դեմոնստրատիվ քայլ անել՝ բացառությամբ Հայկ Սարգսյանի, որին Ալեն Սիմոնյանը հաղթեց և կարողացավ դուրս թողնել գործընթացներից։
Մյուս ՔՊ-ականները, ըստ այդ գնահատականների, պարզապես հարմար պահի էին սպասում Ալեն Սիմոնյանից և նրա փոքրաթիվ թիմից յուրօրինակ «վրեժ» լուծելու համար։ Խոսվում է, որ պատգամավորներից մինչև օգնականներ տարբեր ժամանակներում տարբեր պատճառներով նեղացած են եղել Ալեն Սիմոնյանի թիմակիցներից, և այդ դժգոհությունները ժամանակի ընթացքում կուտակվել են։ Պատգամավորներ կան, որ 5 տարվա ընթացքում երբեք որևէ գործուղման չեն գնացել, բայց Ալեն Սիմոնյանի նախկին օգնական Հասմիկ Հակոբյանն ամենուր եղել է։ ՔՊ-ական պատգամավորներ կան, որոնց համար Ալեն Սիմոնյանն անհասանելի է եղել, նրա փոքրաթիվ թիմակիցները արգելափակել են շատ ՔՊ-ականների մուտքը ԱԺ նախագահի մոտ, և այսպես շարունակ։ ՔՊ-ում հերթով հիշում են ամեն ինչ և հորդորում չզարմանալ, թե ինչու այսպես ստացվեց։ Նիկոլ Փաշինյանին ամեն ինչ զեկուցվել է, և հետևություններն արվել են։ Անշուշտ, քաղաքացու վրա թքելու ամոթալի պատմությունը, Սիմոնյանի մայրիկի վարքագիծը, նրա եղբոր կնոջ կոռուպցիոն քրեական վարույթը չէին կարող վրիպել Փաշինյանի աչքից։
Արդյունքում այսօր Ալեն Սիմոնյանին հիմնականում կարելի է տեսնել միայն իր ամենամտերիմ շրջապատի ներկայացուցիչների հետ՝ նախկին օգնական, այսօր՝ խորհրդական Աշխեն Հայրապետյանի, պատգամավոր Հասմիկ Հակոբյանի և նրա զուգընկերոջ՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի ընկերակցությամբ։
Ուշագրավ է նաև երեկվա դրվագը։ Ազգային ժողով էր ժամանել Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը, և նախատեսված էր հանդիպում Ալեն Սիմոնյանի հետ։ Սակայն վերջինիս փոխարեն պատվիրակությանն ընդունեց Ռուբեն Ռուբինյանը։
Քաղաքական կուլիսներում նույնիսկ ասում են, որ Ալեն Սիմոնյանն այլևս սիրտ չունի Ազգային ժողով գնալու։ Հիմա նրան կարելի է տեսնել Երևանի տարբեր փողոցների սրճարանների գողտրիկ անկյուններում կամ իր տանն է հավաքում մտերիմներին՝ քննարկելու իր անորոշ ապագան»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
