Եթե կարողանամ ամռանը մի քանի օր ձուկ որսալ Սաղամո լճում՝ իսկական հրաշք կլինի. Հարցազրույց Շիրակ Թորոսյանի հետ
Ամանորյա բլից-հարցազրույց՝ ԱԺ պատգամավոր,
Ջավախք հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի հետ:
-Եթե 2016թ-ը ամփոփելու լինենք, ինչպիսի՞ն էր այն Շիրակ Թորոսյանի համար:
-Անձնական կյանքս անփոփոխ է եղել, ընտանիքումս ուրախալի իրադարձություն էր ավագ դստերս ընդունվելը ԵՊՀ:
Երկրի համար փորձությունների տարի էր, բայց նաև ձեռքբերումներ ունեցանք: Անցնող տարվա իրադարձություններից նաև դասեր քաղելու և հետևություններ անելու կարիք ունենք:
- Գլխավոր ձեռքբերումները որո՞նք են եղել:
-Անձնական կյանքիս ձեռքբերումները 4 գիտական հոդվածներիս հրատարակումն էր և գիտական մենագրությանս հրատարակության պատրաստելը, որը լույս կտեսնի օրերս: Երկրի համար լուրջ ձեռքբերում եմ համարում, Հռոմի պապի եռօրյա այցելությունը առաջին քրիստւնյա երկիր, որի արձագանքները և նշանակությունը շատ մեծ էր Հայաստանի համար: Մեծ ձեռքբերում եմ համարում Ռիոյի օլիմպիադայի հաջողությունները: Բայց, ամենամեծ ձեռքբերումը, իմ կարծիքով, վտանգի պահին ազգովի բռունցքվելու հատկության ևս մեկ անգամ հաստատումն էր:
-Բացթողումների մասին ի՞նչ կասեք:
-Ամենամեծ բացթողումը համարում եմ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին բացահայտված թերությունները, որոնք լուրջ դասեր եղան մեզ համար` շտկելու դրանք և այլևս բացառելու: Ազգային անվտանգության խնդիրը պետք է գտնվի բոլորիս ուշադրության կենտրոնում:
-Որտե՞ղ և ինչպե՞ս եք սիրում դիմավորել Ամանորը:
-Ամանորը դիմավորում եմ բացառապես Հայաստանում, ընտանեկան միջավայրում: Սիրում եմ այս ավանդական և ամենաընտանեկան տոնը:
-Ո՞րն է Ձեր սիրած ամանորյա ուտեստը:
-Ամանորյա ամենասիրածս ուտեստը, հայկական ազգային ավանդական տոլման է: Այն ինձ համար նախընտրելի կերակուր է ցանկացած առիթի դեպքում:
-Ի՞նչ սովորություններ ունեք տոնի հետ կապված, որոնք արդեն ավանդույթ են դարձել:
-Տոնածառի տակ թաքուն նվերներ եմ դնում ընտանիքիս անդամների համար, ուղիղ 00:00 ժամին գավաթները շամպայն եմ լցնում, և մինչև ամանորյա տոնական սեղանի շուրջ հավաքվելը, ոտքի վրա շնորհավորում ենք միմյանց: Նոր տարին պարտադիր դիմավորում եմ՝ ծնեղներիս, եղբորս և քրոջս ընտանիքների հետ:
-Ամանորյա երազանքներ պահո՞ւմ եք, հավատո՞ւմ եք հրաշքների:
-Անձնական ամենամեծ երազանքս հայրենի Ջավախք այցելելու հնարավորություն ունենալն է: Շուրջ 8 տարի է, ինչ զրկված եմ այդ հնարավորությունից՝ ջավախահայության իրավունքների պաշտպանության հարցով,
վրացական իշխանություններին քննադատելու պատճառով: Եթե կարողանամ ամռանը մի քանի օր ձուկ որսալ Սաղամո լճում, ապա դա իսկական հրաշք կլինի: Իսկ ընդհանրապես ամենամեծ երազանքս, հզոր և բարեկեցիկ Հայաստանի տեսլականը ազգովի կյանքի կոչելն է:
-Եթե հնարավորություն լիներ ետ տալ ժամանակը, ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում:
-Անպայման կունենայի չորրորդ երեխա, և եթե հնարավոր լիներ` ավելին: Երեխան մարդու ամենաիրական հարստությունն է, և որպես քաղաքացի` պետության հենարանը: Մնացածը կկրկնեի նույնությամբ: Ես բավարարված եմ իմ ապրած կյանքով:
-Ձեր ամանորյա մաղթանքը:
Ցանկանում եմ սեր և բարեկեցություն մեր ընտանիքներին, անվտանգ ծառայություն մեր խիզախ սահամանապահներին և արժանապատիվ խաղաղություն մեր երկրին:
Զրուցեց՝ Դիանա Մանուկյանը