«Բարձրավոլտ էլ. ցանցերի» տնօրենի ամենաթողությունները, ի՞նչ են մտածում Կարեն Կարապետյանն ու նախարար Աշոտ Մանուկյանը
Արդեն տեղեկացրել էինք, որ «Բարձրավոլտ
էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենի փոփոխությունից հետո ընկերությունում բավականին
խնդիրներ էին առաջացել: Նոր «գազավիկ» տնօրենը,
նախ՝ ինքը ոլորտի մասնագետ չէ և անհիմն փոփոխություններ է կատարել՝ ոլորտի մասնագետներին
ազատելով աշխատանքից:
Hayacq.com-ի տեղեկություններով,
«Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի» նոր տնօրենը նշանակման
օրվանից անմիջապես հետո հրահանգել է, որ բոլոր
պայմանագրային աշխատողների հետ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո նոր պայմանագիր չի
կնքվելու: Այսինքն՝ բոլորը պետք է աշխատանքից ազատվեն, բնականաբար՝ ոլորտն իր մարդկանցով
լցնելու նպատակով: Աշխատակիցների մի մասին ազատել են դեռ դեկտեմբեր ամսին, իսկ մյուս
մասի պայմանագրային ժամկետը երկարացրել են մինչև մարտի 31-ը, որից հետո նրանց էլ կազատեն:
«Բարձրավոլտ
էլեկտրական ցանցերի» աշխատակիցների կողմից բազմաթիվ են բողոքները նոր տնօրենից, հատկապես
նրա անհիմն պահանջների վերաբերյալ՝ չգիտես ինչու աշխատանքային պրոցեսները վերահսկելու
փոխարեն նա հրահանգել է, որ բոլոր աշխատողներն
անխտիր պետք է փողկապ կապեն: Փողկապ չկապելու անհեթեթ պատրվակով աշխատանքից ազատել
է Արմավիրի նախկին մարզպետ Ալբերտ Հերոյանի թոռանը՝ Ալբերտ Հերոյանին:
Դեռ
վերջերս վերանորոգված շենքում, նորից վերանորոգման աշխատանքներ են սկսվել՝ իր և տեղակալների
սենյակներում: Բավական գումար է ծախսվել նաև նոր կահավորանքի համար, իսկ գնումներն
արվում են առանց մրցույթ հայտարարվելու, ինչն օրենքի խախտում է, որով պետք է զբաղվեն
պատկան մարմինները:
«Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի» տնօրեն Արթուր Մերուժանի
Բաղդասարյանը, նույնիսկ այնքան է առաջ գնացել, որ ամեն ինչ անտեսելով, հարազատ
քրոջը՝ Ալիսա Մերուժանի Բաղդասարյանին նշանակել է իր
ղեկավարած պետական հիմնարկի ֆինանսական տնօրենի պաշտոնում: Իսկ ընկերության ամենաթանկարժեք և ժամանակակից երեք մեքենան
ծառայում են սեփական ընտանիքին՝ 555 ՏՏ 01 Toyota Land Gruayzer 200 մակնիշի մեքենան
իրեն է սպասարկում, 300 ՏՏ 01 Volkavagen Touareg-ը՝ ընկերության ֆինանսական տնօրեն
քրոջը, իսկ ծառայողական 700 ՏՏ 01 Shkoda-ն օգտագործվում է ընտանիքի, հատկապես՝ կնոջ
համար: Երևի թե, ընկերության տրանսպորտի ծառայության
պետին աշխատանքից ազատելու պատճառներից մեկն էլ հենց սա է եղել:
Թե որքանով է այս ամենն օրինական
և համատեղելի պետք է մտածի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Հետաքրքիր է Կարեն Կարապետյանը,
երբ հայտարարում էր հանրակրթական հաստատությունների տնօրենների ընտրության գործընթացում
ազգակցական կապերի, հովանավորչության և շահերի բախման երևույթների բացառման ուղղությամբ
հարազատական կապը վերացնելու մասին, արդյոք տեղյակ չէ, թե ինչով են զբաղված իր բերած
«Գազի մարդիկ»:
Հետաքրքրական է նաև ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների
և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի պահվածքը: Արդյոք նա տեղյակ չէ այս ամենից, ինչո՞ւ է աչք փակում և ինչպե՞ս է հանդուրժում
այս ամենաթողությունը, անտեսելով վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը,
այն դեպքում, երբ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի» 100% բաժնետերը հանդիսանում է կառավարությունը՝
ի դեմս ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության:
Մեր տեղեկություններով փետրվարի
20-ին պետք է կայանա «Բարձրավոլտ էլեկտրական
ցանցերի» տնօրենի մրցույթը: «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի» տնօրեն նշանակված Արթուր Բաղդասարյանը,
պետք է պարտադիր քննություն հանձնի, հետաքրքիր է այս տեսակ ոլորտից հեռու, նման օրենքներ
խախտող «գազավիկը» ինչպե՞ս պետք է կարողանա քննություն հանձնել, երևի կիմանան միայն
վարչապետն ու Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը: