Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

08 մայիս 2017 12:20

Ինձ համար թանկ է Արցախի ամեն թիզ հողը. Սեյրան Օհանյանի շնորհավորական ուղերձը

Պաշտպանության նախկին նախարար, «ՕՐՕ» դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը շնորհավորել է Շուշիի ազատագրման 25-րդ ամյակի կապակցությամբ:

Ֆեյսբուքյան իր էջում տեղադրված ուղերձում մասնավորապես ասվում է. «Ազգային տոնացույցում ինձ համար երկու ամիս առանձնահատուկ նշանակություն ունեն. սեպտեմբերը, երբ մենք ազգովին հռչակեցինք Հայաստանի և Արցախի անկախությունը, և մայիսը, որովհետև չլինեին մայիսյան հաղթանակները, չէր լինի և այն ազատ, անկախ հայրենիքը, որի մասին երազում էինք բոլորս:


Այսօր հայ ժողովուրդը հերթական անգամ տոնում է մայիսյան փառահեղ հաղթանակները՝ Հաղթանակի օրը, Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման 25-րդ հոբելյանական տարեդարձը:


Առաջնահերթորեն շնորհավորանքներս ուզում եմ հղել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին: Նա է մեր ժողովրդի անվտանգության, ռազմաքաղաքական կայունության և խաղաղության երաշխավորը, իսկ նրա ակունքներում մեր կամավորականների, ազատամարտիկների, երկրապահների ջոկատներն էին, որ պայքարի էին ելել՝ տոգորված հայրենիքի հանդեպ անմնացորդ սիրով, նվիրումով, հայրենիքը փրկելու կամքով ու վճռականությամբ, և իզուր չէ, որ Մայիսի 8-ին մենք նաև նրանց՝ Երկրապահի օրն ենք նշում:


Ես առանձնահատուկ սիրով, ջերմությամբ և հպարտությամբ եմ վերաբերվում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին, որտեղ անցել են իմ ծառայության ամենապատասխանատու, ամենադժվար, ամենապատվաբեր տարիները: Պաշտպանության բանակը արդեն մեկ քառորդ դար կարողանում է պատվով լուծել իր առջև դրված նույնիսկ ամենավտանգավոր խնդիրները՝ ամենաբարդ պայմաններում և ամենասուրբ հողի վրա:

Ինձ համար թանկ է Արցախի ամեն թիզ հողը, ինձ համար թանկ են պաշտպանության բանակի յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր հրամանատարի կյանքն ու առողջությունը: Եվ այսօր էլ չափազանց կարևորում եմ այն ազնիվ նվիրումը, որով ազգային բանակի զինվորներն ու հրամանատարները շարունակում են կատարելագործել իրենց մարտական պատրաստվածությունն ու կարողությունները և արժանապատվորեն իրականացնելով ամենօրյա քրտնաջան, լարված և հիրավի հերոսական ծառայությունը՝ անառիկ պահում մեր մարտական ընկերների, մեր որդիների արյամբ գծված ու սրբացած հողը:


Խոնարհվում եմ այն քաջ հայորդիների շիրիմներին, որոնք իրենց կյանքն են նվիրաբերել հայրենիքի փրկության զոհասեղանին՝ Արցախյան գոյամարտի առաջին օրերից մինչև ապրիլյան քառօրյա պատերազմը, մինչև այսօր:

Բոլորին անխտիր՝ հավերժ փառք և խոնարհում:


Ես այսօր խորին երախտագիտությունս եմ հայտնում մեր պապերին ու հայրերին, որոնց սխրագործությունները արտացոլվել են մեր հաղթանակներում, և շնորհավորում եմ բոլորիս մայիսյան հաղթանակների կապակցությամբ ՝ Հայրենական պատերազմի փառապանծ վետերաններին, ազատամարտիկներին, երկրապահներին, Ազգային բանակի զինվորներին ու սպաներին, ողջ հայ ժողովրդին, որովհետև, ըստ էության, հաղթել է ժողովուրդը...


Թո´ղ մեր զինվորը ամուր ու անփորձանք լինի: Թո´ղ հայոց սահմանները անառիկ լինեն: Թո´ղ մեր ժողովուրդը ապրի այն արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքով, որին արժանի է: Եվ թո'ղ իրականություն դառնան ուժեղ, արդար, պաշտպանված Հայրենիք ունենալու մեր ամենանվիրական երազանքները»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր