Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը։Վարդավառը Քրիստոսի Այլակերպության կամ Պայծառակերպության տոնն է, որը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու տաղավար տոներից երրորդն է և նշվում է Հոգեգալուստից յոթ շաբաթ հետո հանդիպող կիրակին: Որպես շարժական տոն այն հանդիպում է հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:
Քրիստոնեական ավանդույթի համաձայն այդ օրը Հիսուս Քրիստոսը Պետրոս, Հակոբ և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռ՝ աղոթելու։ Տապից ու հոգնածությունիցառաքյալները քնում են, իսկ աղոթող Քրիստոսի վրա լույս է իջնում, նրա դեմքն արևի նման պայծառանում է, իսկ հագի զգեստը ձյունի նման ճերմակում այնպես, որ ամբողջ լեռը ողողվում է լույսով։ Այդ փայլից առաքյալներն արթնանում են և ականատեսը դառնում Քրիստոսի «Պայծառակերպության» և «Այլակերպության» հրաշքին։ Այստեղից էլ ծագում է տոնի անունը։
Եվ քանզի Քրիստոս պատգամ էր տվել, որ Իր մասին չպատմեն մինչև Իր՝ մեռելներից հարություն առնելը (Մատթեոս 17.9), այդ պատճառով էլ Հարության և Համբարձման տոներից հետո է կատարվում Վարդավառը: Քրիստոնյա բոլոր եկեղեցիները տոնը «Այլակերպություն» անունով են նշում, և միայն Հայ Եկեղեցին է այն անվանում նաև «Պայծառակերպություն»` շեշտելով Քրիստոսից ճառագող աստվածային փառքն ու փայլը:
Այս տոնը, հատկապես ժողովրդի մեջ, հայտնի է նաև «Վարդավառ» անվամբ:
Տոնը նվիրված է եղել ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկին, ում խորհրդանիշը համարվում էր վարդը:
Վարդավառը հայկական ավանդական տոների շարքում ամենասիրելիներից մեկն է, ամառային ամենասիրված տոնը։
Վարդավառն ընդհանրություններ ունի Նավասարդյան տոների հետ, որոնք, ըստ էության, եղել են ամառային արևադարձի տոներ: Վարդավառի տոնը հնում նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Վարդավառի ժողովրդական ծիսակարգի կենտրոնում գլխավորը ջուրն էր՝ Վարդաջրով միմյանց ցողելը։
Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահքը: Ինչպես Վարդավառի, այնպես էլ մյուս չորս տաղավար տոներին հաջորդող օրը Մեռելոց է` հիշատակի օր։ Այդ օրը եկեղեցիներում ննջեցյալների համար մատուցվում է պատարագ և կատարվում հոգեհանգատյան կարգ:
